Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման թեմային՝ նշելով, որ հայկական կողմի համար դա քննարկելի հարց է։
«Սա քննարկելի հարց է այն պատճառով, որ կարծում ենք՝ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք: Բայց ինչո՞ւ ենք հետաձգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցով որոշումը։ Որովհետև ասում ենք՝ մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք՝ Արևմտյան Ադրբեջանի շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունն Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»,- ասել է նա։
Փաշինյանն անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանը, որ չնայած հայկական կողմի պատրաստակամությանը՝ ստորագրելու համաձանեցված փաստաթուղթը, ադրբեջանական կողմից կան առաջ քաշված նախապայմաններ, ինչպես նաև կեղծ լուրեր, թե սահմանին կրակոցներ կան:
«Մենք որդեգրել ենք ռազմավարություն և գնում ենք այդ ռազմավարությամբ, մեզ համար ակնհայտ է, որ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս կան պրոցեսներ, ցանկություններ, պլաններ ՀՀ-ին և ՀՀ կառավարությանը դուրս բերելու այդ ռազմավարությանը հետևելու և այդ ռազմավարությունը շարունակելու ուղեգծից: Մեր բոլոր գործողությունները պետք է կարդալ այս տրամաբանությամբ»,–ասել է վարչապետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: