27 մարտի 2025 - 12:13 AMT
Դեմոյան. Արցախյան շարժման ավարտի թեզով, ազդարարվեց հայկական պետականության լուծարման հետհաշվարկը

Պատմաբան Հայկ Դեմոյանը, արձագանքելով Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ դրանով ազդարարվեց հայկական պետականության լուծարման հետհաշվարկը։

«Ղարաբաղյան շարժումը չշարունակելու թեզի շրջանառումն ընդամենը նպատակ ունի կոծկել ու չխոստովանել, որ հենց իրենց միջոցով այդ շարժումը փոշիացնելով, այն փոխակերպվել է Հայաստանի լինել-չլինելու հարցի: Ղարաբաղը արդեն հանձնել է, բայց ասում է շարժումը չպետք է շարունակվի:

Դրա հետ փոխկապակցված հաջորդ մտքի գոհարը կհնչի մոտավորապես այսպես. «Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ միջազգային սուբյեկտ, ապացուցել է իր անկենսունակ լինելը, հետևաբար մենք պետք է տարալուծվենք մեկ այլ, ավելի զորեղ պետական կազմավորման մեջ»: Հիշեցնեմ Հայաստանի կադաստրի վկայականի բացակայության թեզը երբ սկիզբ առավ, ոնց շարունակվեց ու ինչ արդյունքներ գրանցվեց մինչ այս պահը:

Կրկնում եմ. Արցախյան շարժման ավարտի ազդարարմամբ, այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարել է, որ, կարծում է, որ «ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»։

«Առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, Դա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, եթե հայ ժողովուրդը դրա հետ համաձայն չլինի, ես կդադարեմ լինել վարչապետ։

Սակայն ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու և այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»,–ասել է նա։