Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավորության մասին՝ նշելով, որ իմպիչմենտի համար վարչապետի թեկնածու է պետք և առնվազը 36 պատգամավորի ստորագրություն անվստահության որոշման տակ։
Ըստ նրա՝ եթե ընդդիմությունն անվստահություն չի հայտնում Փաշինյանին, ուրեմն՝ վստահում է նրան։
«Մինչև 2026 թվականը դեռ 3 հնարավորություն կա Նիկոլ Փաշինյանին անվստայհություն հայտնելու համար։ Էս ամեն ինչը չօգտագործել նշանակում է մեկ բան՝ ընդդիմադիր պատգամավորները պետք է լսեն այս տհաճ զզվելի խոսքերը։ Եթե դուք անվստահություն չեք հայտնում Նիկոլ Փաշինյանին, ուրեմն վստահում եք նրան»,- ասել է Ղազարյանը՝ հավելելով, որ մնացած ցանկացած բացատրություն այլևս չի լսվելու։
Նա առաջարկել է ընդդիմադիր պատգամավորներից յուրաքանչյուրին թեկնածու առաջադրել՝ թեկուզ 10 թեկնածու, և հետո նրանցից որոշել, թե ով է ստանում առավել աջակցություն ընդդիմադիր բևեռում։
«Այդ ընտրությամբ պետք է ներկայանալ խորհրդարանի շենքի առջև հավաքված հանրությանն ու նույն կերպ սկսել աշխատանքները ՔՊ խմբակցության պատգամավորների հետ՝ ուղիղ եթերում, որպեսզի հանրությունը հետևի՝ ով է միանում նախաձեռնությանը, իսկ ով՝ ոչ։ Նույնիսկ եթե այդ գործընթացը արդյունքի չհասնի, որևէ կորուստ չի լինում, քանի որ միևնույն է Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ»,–ասել է նա։
Ղազարյանը հավելել է, որ պատգամավորների նախաձեռնությունը բավարար չի լինի՝ փողոցի աջակցությունը նույնպես անհրաժեշտ է, սակայն առանց հստակ նպատակի՝ այդ թվում իմպիչմենտի, հանրության հավաքները չեն կարող արդյունավետ լինել։