27 մարտի 2025 - 12:49 AMT
ՀՀ–ն և Թուրքմենստանը բանակցում են Իրանի տարածքով գազի մատակարարման շուրջ

Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի թուրքմենական գազն Իրանի տարածքով հասցնել Հայաստան։Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը Երևանում կայացած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում։

Թումանյանը նշել է, որ վերջին տարիներին հայաստանյան պատվիրակությունները մի քանի այցեր են իրականացրել Թուրքմենստան, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք նախագծեր՝ կապված էներգետիկայի և հարակից ոլորտների հետ։ Նա առանձնացրել է երեք հիմնական ուղղություն, որոնց շուրջ ընթացել են բանակցությունները, հայտնում է Արմենպրեսը։

«Առաջինը՝ հայկական կողմը ցանկություն է հայտնել նախապատրաստել գործարք «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման համար, որի հետ կապված տեղի են ունեցել մի քանի փուլերից բաղկացած բանակցություններ։ Դրանց ընթացքում ներկայացվել են հայկական կողմի սպասելիքներն ու տեսակետները և քննարկվել են այդ ծրագրի բոլոր տեխնիկական հատկանիշները։ Ծրագրի էությունը հետևյալն է․ գնում կատարել «Թուրքմենգազ»-ից, Իրանի տարածքով կազմակերպել դրա փոխանակումը՝ SWOP սխեմայով և այն հասցնել մինչև Իրան-Հայաստան սահման»,-մանրամասնել է Թումանյանը։

Նրա խոսքով՝ քանի որ այս նախագծի առանցքային գործընկերներից է Իրանը, կողմերը բանակցություններ են վարել նաև Թեհրանի հետ, ինչի արդյունքում Իրանը տվել է իր համաձայնությունը ծրագրի իրագործման համար։

«Ծրագրում նաև նշված է քանակական ցուցանիշը՝ 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի ձեռքբերում։ Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ մինչ օրս այդ կարևոր գործարքի բաղադրիչի՝ գազի գնի համաձայնեցման աշխատանքներն ավարտված չեն, և բանակցությունները շարունակվում են»,-ընդգծել է ՀՀ վարչապետի խորհրդականը։

Նա հավելել է, որ քննարկվել է նաև թուրքմենական գազի հնարավոր արտահանումը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան՝ նույն SWOP համակարգով։ Թումանյանի խոսքով՝ վրացական կողմը ևս դրական վերաբերմունք է հայտնել այս նախաձեռնությանը։

«Այս գաղափարի իրագործման դեպքում հետագայում նաև հնարավորություն կստեղծվի թուրքմենական գազը սևծովյան ավազանի երկրների համար հասանելի դարձնելու համար»,-ասել է Արտաշես Թումանյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ ուղղությունը, որը քննարկվել է, վերաբերում է Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի ձեռքբերմանը։ Թուրքմենական կողմը ներկայացրել է իր գնային առաջարկը, որը հայկական կողմի համար համարվել է ընդունելի։ Սակայն, ինչպես նշել է խորհրդականը, դեռևս պարզ չէ՝ ինչ ձևաչափով կարելի է այդ էներգիան արդյունավետ օգտագործել։

«Թուրքմենական կողմն այս առիթով ներկայացրել է իր գնային առաջարկը, որը, կարծում եմ, ընդունելի է մեզ համար, սակայն պետք է ասեմ, որ հայկական կողմը դեռևս ձեռքբերվելիք էլեկտրաէներգիայի հետագա կիրառության համար օպտիմալ սխեմա չի գտել։ Մենք նախ մտածում էինք, որ այն կարելի է օգտագործել Հայաստան-Իրան գազ-էլեկտրաէներգիա ծրագրում, սակայն դրական լուծում դեռևս չունենք»,-նշել է Թումանյանը՝ հավելելով, որ քննարկումները շարունակվում են։

Նրա ներկայացրած երրորդ ուղղությունը վերաբերել է Թուրքմենստանի նավթագազային արդյունաբերության տարբեր արտադրատեսակների՝ դեպի Հայաստան կամ հնարավոր այլ շուկաներ մատակարարման հնարավորությանը։

«Այստեղ գնդակը մեր դաշտում է։ Մենք պետք է հայկական շահագրգիռ ընկերությունների համար ապահովենք տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն, որպեսզի նրանք կարողանան գործունեություն ծավալել թուրքմենական գործարար միջավայրում»,-ընդգծել է Արտաշես Թումանյանը։