Ազգային ժողովում շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդման համաձայնություն տալու հարցի քննարկումը։
ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ընդգծել է, որ Աղազարյանի մասով այն, ինչ ներկայացվում է, ու այն, ինչ նշված է Դատախազության միջնորդագրում, «իրար չի բռնում», հայտնում է Aysor.am-ը։
«Եթե մենք հիմա կողմ քվեարկենք ու բավարարենք միջնորդությունը, այն գնալու է դատարան, դատարանում այս գործերը վերաորակավորվելու են ու ծանրացնող հանգամանքներից փոփոխվելու են հոդվածները, որովհետև կպարզվի, որ եթե 8000 դոլար կաշառք է վերցրել, առանձնապես խոշոր չափի չէ»,- ասել է Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ իր համար ընդունելի չէ ներկայումս առաջադրված մեղադրանքով «կողմ» քվեարկելը և այս պայմաններում դժվարանում է թույլ տալ, որ գործը հասնի դատարան։
Ազգային ժողովը մարտի 26–ից քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։