Իրավապահ մարմինները մարտի 27–ի առավոտյան մուտք են գործել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակ և խուզարկել ինչպես շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանը, այնպես էլ դաշինքի կենտրոնական գրասենյակը։ Տեղեկությունը տարածել է դաշինքի գրասենյակը։
Դաշինքը հայտնել է նաև, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում մի քանի համակիրների ու աջակիցների տներում։
«Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը, արձագանքելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված հաղորդագրությանը և տարածված ձայնագրությանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ մանր խոսակցություններ են, հայտնում է Panorama.am-ը։
«Յյուրաքանչյուր գրասենյակում դա կա, յուրաքանչյուր համակիր ուզում է իր ընկերուհին, բարեկամը գնա ու ձայն տա այն կուսակցությանը, դաշինքին, ում ինքն է սատարում։ Նման բաները բերել ու սարքել Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա, կամ այդ ի՞նչ զզվելի արարք է, ինչո՞ւ իշխանություններին չեն ձայնալսում։ Մենք չունենք ԿԳԲ-ի պետ, ոստիկականապես, դրա համար էլ այդպե՞ս է։ Այսինքն ով ունի ձայնագրելու, ձայնալսելու հնարավորություն, ինքը գաղտնալսելու է այն մարդկանց, ովքեր իրենց դե՞մ են արտահայտվում»,-ասել է նա։
«Վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել նաև մեր թիմակից Արա Ոսկանյանի տանը, ով կազմակերպչական հարցերով է զբաղվում:
Սա մենք գնահատում ենք որպես իշխանությունների կողմից հարձակում Գյումրու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժի դեմ և կոչ ենք անում լրատվամիջոցներին գալ Գորկու 50/4 հասցե»,–ասվում է դաշինքի գրասենյակի հաղորդագրության մեջ։
ՏԻՄ ընտրությունները Գյումրիում կայանալու են մարտի 30–ին։