ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, ասել է, որ գործընթացն արգելակվել է Արևմուտքի ապակառուցողական մոտեցման ազդեցության պատճառով, և որ Հայաստանի դիրքորոշումն էլ հաճախ հարցեր է առաջացնում։
Նա հավելել է, որ ապաշրջափակման հարցերով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության պայմանավորվածությունների արդյունքում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Այդ ձևաչափով հսկայական աշխատանք է իրականացվել՝ համաձայնեցնելու ինչպես իրավական հիմքերը, այնպես էլ տեխնիկական պարամետրերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային երթուղիների սահմանման վերաբերյալ՝ փոխադարձության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա։
Այո, մենք տեսնում ենք Արևմուտքի ապակառուցողական ազդեցությունը, ինչպես նաև նկատում ենք, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը երբեմն, և նույնիսկ հաճախ, հարցեր է առաջացնում։ Հենց այս երկու գործոնի պատճառով համագործակցությունն ու համատեղ աշխատանքը խմբում արգելակվել է»,–ասել է նա։ ։
Նա հավելել է, որ այդ մասին շատ է խոսվել։
«Մենք վստահ ենք, որ հիշատակված խմբում լիարժեք համագործակցության շուտափույթ վերականգնումը ոչ միայն կօգնի վերականգնել Հարավային Կովկասի տրանսպորտալոգիստիկ համակարգը, այլև այն հնարավոր կլինի ներառել Եվրոպայից Ասիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների լայնամասշտաբ սխեմաների մեջ, ինչը կապահովի Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացումը»,–հավելել է Զախարովան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ի ասուլիսում հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը հստակ առաջարկներ է արել Ադրբեջանին և սպասում է դրանց պատասխանին։ Ըստ նրա՝ էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նա նաև առաջարկել է երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ։