27 մարտի 2025 - 19:04 AMT
Սիմոնյան. Նախկին նախագահները չընտրված եռյակ են

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ երեք նախկին նախագահներին անվանել է «չընտրված եռյակ»՝ խորհուրդ տալով արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային բանավեճի առաջարկին։

«Նրանք քաղաքական նախկին դիակներ են. ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը ոչ մի անգամ չեն ընտրվել հանրապետության նախագահ։ Լևոն Տեր–Պետրոսյանը միայն 1996 թվականին չի ընտրվել։ Իրենք չընտրված եռյակն են»,– հայտարարել է Սիմոնյանը, գրում է Sputnik Արմենիան։

«Ես երկրորդում եմ վարչապետին։ Ես նույնպես այդպես անում եմ հաճախակի, երբ պատրաստ եմ լինում իմ ընդդիմախոսին պատեպատ տալ։ Ես որևիցե կերպ չեմ դատապարտում վարչապետի ասածները, այլ դատապարտում եմ հայ ժողովրդի ներվերը ուտելը»,– նշել է ԱԺ նախագահը։

Լրագրողի այն հարցին, որ նախկին նախագահների գրասենյակները արձագանքել են վարչապետի ելույթին, Ալեն Սիմոնյանը արձագանքել է․ «Իմ գրասենյակի քարտուղարին ուղարկեք, նա կարձագանքի Սերժ Սարգսյանի և մյուսների գրասենյակների արձագանքին։ Իրենք արձագանքելու մի տարբերակ ունեն` գան խոսակցության։ Երեք նախագահներից որևէ մեկը կարողանալո՞ւ է Փաշինյանի հետ բովանդակալից բանավիճի։ Սաղին լավ ճանաչում ենք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26–ին ԱԺ–ում հարցուպատասխանիժամանակ, հիշելով, որ նախկին երեք նախագահները հրաժարվել են իր հետ ուղիղ եթերում բանավիճել, հայտարարել է, որ նրանք «իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթել են» իր վզին։

«Դրա համար եմ ասում` եկեք գնանք, ուղիղ եթերում խոսանք։ Բոլորն ասում են՝ մենք իրա հետ բանավճելու բան չունենք։ Արա, եթե բանավիճելու բան չկա, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Ես ասում եմ՝ ես ձեզ պատերով կտամ, ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, հերիք ա ներվերներիս հետ խաղաք, ես ձեզ ոտի տակ կտամ»,- հունից դուրս է եկել Փաշինյանը։