28 մարտի 2025 - 14:10 AMT
ԵՄ դիտորդները Գորիսում ԱՄՆ դեսպանին են ներկայացրել իրավիճակը սահմանին

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության Գորիսի օպերատիվ կենտրոն։ ԵՄ դիտորդները դեսպանին են ներկայացրել իրավիճակը սահմանին:

«Պատիվ էր հյուրընկալել դեսպան Քրիստինա Քվինին Գորիսի մեր օպերատիվ գրասենյակում, որտեղ նրան ներկայացվել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և սահմանի երկայնքով վերջին զարգացումները»,-ասվում էդիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

Սյունիքում դեսպան Քվինը շրջայց է կատարել Տաթևի ՀԷԿ-ում, որը լինելով «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի մաս` Հայաստանում խոշորագույն ամերիկյան ներդրումներից է, հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։

Նա այցելել է նաև Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որը Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշներից է և Սյունիքի մարզի ամենահայտնի պատմամշակութային կոթողներից մեկը։ Դեսպան Քվինը վերահաստատել է Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունը պահպանելու կարևորությունը ամենուր։