28 մարտի 2025 - 16:57 AMT
Վարդան Ղուկասյան․ ՀՀ իշխանության մուրազը մնալու է փորը՝ չեմ արտահանձնվի ՀՀ–ին

ԴՕԿ կազմակերպության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ուղերձ է հրապարակել տելեգրամյան իր ալիքում՝ շնորհակալություն հայտնելով իր աջակցին և նշելով, որ ինքը չի արտահանձնվի ՀՀ–ին։

Նա նշել է, որ դրամահավաքի անհրաժեշտություն այս պահին չկա:

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն անձանց, ովքեր եկան և մասնակցեցին մարտի 25-ի ցույցերին Երևանում և Գլենդելում։ Ցանկանում եմ հայտատարել՝ Հայաստանի իշխանությունների մուրազը մնալու է իր փորը, և ես չեմ արտահանձնվի Հայաստանին։

Ավելացնեմ, որ ոչ մի դրամահավաքի անհրաժեշտություն այս պահին չկա, և ես բավարարված եմ իմ փաստաբանական խմբի աշխատանքով ու շատ շնորհակալ եմ Մարկ Կիրակոսին, բայց դրա անհրաժեշտությունը չկա։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև այն քաղաքական գործիչներին, հանձինս Համայակ Հովհաննիսյանի, Գևորգ Պետրոսյանի և Ժիրայր Սեֆիլյանի, որոնք ունեցան ազնվություն և համարձակություն բացեիբաց ձեռնոց նետել Հայաստանի իշխանոթյուններին։ Իսկ «մնացած ընդդիմությունները» լռեցին․․․․

«Ես ձեր տուն կգամ մի քիչ ուշ՝ հնդիկներով ու արաբներով»։ Նաև ավելացնեմ, որ ԴՕԿ կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանը հավատարիմ է մնացել իր սկզբունքերին և Հայաստանում ներկայացնում է ինձ։ Կոչ եմ անում կուսակցության բոլոր անդամներին, հետևորդներին, բարեկամներին հավաքվել նրա շուրջ։ Անընդունելի է պառակտումը և փոխադարձ ատելությունը։ Հարգելի ժողովուրդ, չենք հանձնվում, չենք հիասթափվում և չենք վախենում: Մեր ներքին թշնամին թույլ է, վախկոտ է, բայց նենգ է ու չար։ Իսկ ի՞նչ է պետք չարի հաղթանակի համար՝ որպեսզի բարի մարդիկ ոչինչ չանեն․․․»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրան անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ ԴՕԿ ղեկավար Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ անազատության մեջ։

ԱՄՆ Մաքսային և միգրացիայի վարչության տեղեկությունների համաձայն՝ Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն կանոնների խախտման համար։ Ըստ ամերիկյան կողմի՝ նա 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն չի լքել երկիրը նախատեսված ժամկետում։ Բացի միգրացիոն կարգի խախտումից, դատարանը պետք է քննի նաև Հայաստանի գլխավոր դատախազության 2023 թվականին ներկայացրած միջնորդությունը՝ Ղուկասյանին արտահանձնելու վերաբերյալ։