ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28–ին մասնակցել է Աշոտ Նավասարդյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որը նշանավորվել է Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանի բացմամբ։
«Աշոտ Նավասարդյանը, վտանգելով իր բարեկեցությունը, առողջությունը, ի վերջո հասավ իր նպատակին՝ մենք ունեցանք 3-րդ հանրապետությունը, բայց, ցավոք սրտի, ինչ իմանար նա, որ իրենից 30 տարի հետո Հայաստանում կարող են լինել ղեկավարներ, ովքեր Արցախը բեռ կհամարեն, Շուշին կհամարեն դժբախտ ու դժգույն քաղաք ու կասկածի տակ կառնեն Ցեղասպանությունը»,-ասել է նա լրագրողներին, գրում է Aysor.am-ը։
Նա բարձր է գնահատել Աշոտ Նավասարդյանի դերը հայոց պետականության ձևավորման գործում։
Աշոտ Նավասարդյանը ՀՀԿ հիմնադիր նախագահն է։ 1990 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, 1995 թվականին ընտրվել է ԱԺ պատգամավոր, 1990-1995 թթ․ եղել է ՀՀ ԳԽ Անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և Սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-1997 թվականներին՝ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Մահացել է 1997–ին 47 տարեկանում։