29 մարտի 2025 - 15:44 AMT
Դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը մենահամերգներով հանդես կգա Գյումրիում և Երևանում

Ֆրանսահայ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը պատրաստվում է մենահամերգներով հանդես գալ Գյումրիում և Երևանում։ Համերգները կազմակերպվել են Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի մասնակցությամբ։

Ապրիլի 3-ին երաժիշտը ելույթ է ունենալու Գյումրու կամերային դահլիճում, իսկ ապրիլի 5-ին՝ երևանյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, հայտնում է Արմենպրեսը։

Ծրագրում ընդգրկված են ստեղծագործություններ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, ինչպես նաև Մորիս Ռավելի, Կլոդ Դեբյուսիի և Ժերար Գասպարյանի հեղինակությամբ։ Ներկայացվող բազմաթիվ կատարումներ ընդգրկված են Գասպարյանի նոր ձայնասկավառակում, որը լիովին նվիրված է հայկական երաժշտությանը։ Ալբոմը պարգևատրվել է Diapason d'or մրցանակով և արժանացել է միջազգային մամուլի բարձր գնահատականներին (A Musician Of Huge Imagination - Gramophone):

Ժան-Պոլ Գասպարյանը ծնվել է 1995 թվականին Փարիզում։ Սովորել է Փարիզի ազգային կոնսերվատորիայում, մասնակցել Էլիսո Վիրսալաձեի ու Տատյանա Զելիկմանի վարպետության դասընթացներին։ 2010 թվականին ուսումը շարունակել է Զալցբուրգի ակադեմիայում, իսկ 2014-ին՝ Վերբիերի ակադեմիայում։ 2018-ին ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջը՝ Վանեսա Լատարշի ղեկավարությամբ։

Դաշնակահարը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների՝ արժանանալով մի շարք պարգևների։ 2014-ին հաղթել է Բրեմենում կայացած մրցույթում, 2015-ին դարձել է Խոսե Իտուրբի մրցույթի չորրորդ տեղը զբաղեցնողը և ճանաչվել ժամանակակից ստեղծագործությունների լավագույն մեկնաբան։ Նա դարձել է Լիոնի և Հասթինգսի մրցույթների երրորդ մրցանակակիր (2013), ինչպես նաև Ռուբինշտեյնի և Գեզա Անդա մրցույթների կիսաեզրափակչի մասնակից և Դյորդ Ցիֆրայի հիմնադրամի մրցանակակիր։

Ժան-Պոլ Գասպարյանը նվագել է հայտնի նվագախմբերի հետ, որոնց շարքում են Ազգային Իլ դը Ֆրանսը, Բրեմենի ֆիլհարմոնիկը, Հյուսիս-արևմտյան Գերմանիայի ֆիլհարմոնիան, Musikkolegium Winterthur-ը, Սերբիայի հեռուստառադիոյի նվագախումբը, ինչպես նաև Մոնտենեգրոյի, Մուրսիայի, Վալենսիայի, Նոր Ակվիտանիայի կամերային, Ռուենի օպերայի, Նորմանդիայի և Կաննի նվագախմբերը։ Նրա ռեպերտուարում ընդգրկված են Մոցարտի, Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Մենդելսոնի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Ռախմանինովի և Գերշվինի կոնցերտները։

Մենահամերգներով մասնակցել է Festival de la Roque d’Anthéron, Nohant Festival Chopin, Piano aux Jacobins, Flâneries de Reims, Printemps des Arts de Monte-Carlo, Festival Radio-France de Montpellier, Festival de Menton, Schleswig-Holstein Festival, Sommets Musicaux de Gstaad փառատոներին։ Հանդես է եկել նաև Զալցբուրգի Մոցարտեում, Բրեմենի Գլոք, Բելգրադի Կոլարաչ, Ցյուրիխի Տոնհալլե, Համբուրգի Լայցհալլե, Փարիզի Գավո և այլ ճանաչված համերգասրահներում։

Նրա կատարած Շումանի երկրորդ սոնատը ընդգրկվել է Նոանի փառատոնի սկավառակում՝ Ալդո Չիկոլինիի վերջին մենահամերգի կողքին։ Ֆրանսիական հեղինակավոր Classica ամսագիրը Ժան-Պոլ Գասպարյանին ընդգրկել է 10 առավել խոստումնալից երիտասարդ դաշնակահարների շարքում։

2018-ին լույս է տեսել նրա առաջին ձայնասկավառակը՝ ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններով, իսկ 2019-ին Évidence Classics-ը թողարկել է Շոպենի մենանվագ բոլոր ստեղծագործությունների ձայնասկավառակը։

2020 թվականի փետրվարին, Շվեյցարիայում կայացած Գշտադի փառատոնի շրջանակում, նա արժանացել է Թիերի Շերցի մրցանակին՝ լավագույն մենահամերգի համար, ինչի արդյունքում Claves ապրանքանիշի ներքո ստացել է նվագախմբի հետ ձայնագրման հրավեր։