Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին և անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել։
Երկու պատգամավորների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությամբ երկրից չհեռանալու արգելքը, հայտնում է Արմենպրեսը։
Մարտի 27-ին Ազգային ժողովը փակ ձևաչափով անցկացված քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդություններին՝ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։
Ըստ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանի ներկայացրած տվյալների՝ Տարոն Մարգարյանի դեմ քրեական գործ հարուցելուն լողմ է եղել 67 պատգամավոր, իսկ Հովիկ Աղազարյանի՝ 65 պատգամավոր, դեմ են եղել 2-ը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։
Տարոն Մարգարյանի վերաբերյալ ներկայացված մեղադրանքները վերաբերել են նրա՝ Երևանի քաղաքապետ եղած տարիներին։ Դատախազության հաղորդման համաձայն՝ նա ներգրավված է եղել մանկապարտեզներին ու դպրոցներին պատկանող հողատարածքների ապօրինի օտարման գործընթացներում, այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման փաստերով։
Հովիկ Աղազարյանը հայտնվել է կասկածյալի կարգավիճակում՝ խոշոր չափերի կաշառքի դիմաց մանր եղջերավոր կենդանիների արտահանման կազմակերպման խոստման գործով։ Բացի այդ, մեկ այլ քրեական գործով նրան վերագրվում է 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք, որը առնչվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքի կառուցապատման գործընթացին միջնորդելու խոստման դիմաց։