Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Էստոնիան՝ լինելով առաջատար թվային պետություն, ՀՀ համար մեծ փորձի աղբյուր է։
«Հայաստանը պետք է կառուցի ուժեղ և դիմակայուն թվային ապագա։ Էստոնիան, լինելով առաջատար թվային պետություն, մեզ համար մեծ փորձի աղբյուր է։ Աշխատանքային այցով գտնվում ենք Տալլինում՝ ուսումնասիրելու թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում նրանց հաջողված մոդելները։
Այս օրերին հայկական պատվիրակությունը մասնակցում է ոլորտային հանդիպումների, որոնց շրջանակում քննարկում ենք երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները”,–գրել է նա։
Նա վստահուևթյուն է հայտնել, որ փոխգործակցությունը կտա նոր հնարավորություններ՝ Հայաստանում թվային ենթակառուցվածքների ամրապնդման և նորարարական լուծումների ներդրման համար։
Հայրապետյանը Տալլինում մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ-ում կազմակերպված աշխատանքային զեկույցների ու քննարկումների, որտեղ ներկայացվեցին թվային կառավարման առաջատար փորձերը՝ սկսած հարկային և մաքսային ավտոմատ համակարգերից մինչև արհեստական բանականությամբ ղեկավարվող սոցիալական ապահովության և արդարադատության հարթակներ։