ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ, որին միացել են կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն և Թեդ Լյուն։
Օրինագծով առաջարկվում է հինգ տարվա ընթացքում տրամադրել 10 միլիոն դոլար՝ կրթական բովանդակություն կազմելու, տարածելու, ուսուցիչներին վերապատրաստելու, ինչպես նաև առցանց ռեսուրսների և ուսումնական ծրագրերի ինտեգրմանը նպաստելու նպատակով, որպեսզի ամբողջ Ամերիկայի տարածքում ուսանողները տեղեկանան մարդկության դեմ անպատիժ մնացած այս ոճրագործության պատճառների, հետևանքների և դրանցից քաղած դասերի մասին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Դինա Տիտուսը նշել է. «Այս օրինագիծը հավատարմություն է ճշմարտության և արդարության և կրթության ուժի նկատմամբ՝ միտված ապագա սերունդների համար ավելի տեղեկացված և կարեկցող աշխարհ կառուցելուն»։
Նա ընդգծել է, որ ուսանողներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթական նյութեր ներկայացնելուն ուղղված այս նախաձեռնությունը համարվում է պայքարի մի մաս ցեղասպանության ժխտման դեմ, ինչպես նաև հարգանքի տուրք է զոհերի հիշատակին։
Գաս Բիլիրակիսն իր հայտարարության մեջ նշել է. «Այդ նպատակին հասնելու լավագույն միջոցներից մեկը կրթությունն ու իրազեկվածությունն է, դրա համար ես հպարտ եմ, որ նորից Հայոց ցեղասպանության մասին կրթական օրինագծի համահեղինակ եմ»։
Նա հավելել է, որ անհրաժեշտ է ընդունել անցյալի վայրագությունները, որպեսզի հնարավոր լինի կանխել դրանց կրկնությունը։
Դեյվիդ Վալադաոն իր խոսքում նշել է. «Այս ողբերգության մասին ամերիկացիներին ուսուցանելը կարևոր նշանակություն ունի։ Որպես Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ՝ ես հպարտ եմ, որ աջակցում եմ կրթական ջանքերն ամրապնդելու քայլին և վերահաստատում եմ մեր հավատարմությունը ճշմարտությանն ու հիշողությանը»։
Նա ընդգծել է, որ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով զոհվել է մոտ 1.5 միլիոն մարդ, և խիստ կարևոր է, որ այս պատմական իրադարձությունը չմոռացվի։
Թեդ Լյուն ևս անդրադարձել է օրինագծին՝ նշելով. «Հայերի ցեղասպանությունը չարի ամենասարսափելի դրսևորումն է։ Չնայած մենք չենք կարող 110 տարի հետ գնալ. որպեսզի կանխենք մոտավորապես 1.5 միլիոն հայերի սպանությունները, բայց մենք կարող ենք օգտագործել կրթությունը, որպեսզի երաշխավորենք, որ զոհերը երբեք չեն մոռացվի։ Այս վայրագությունները տևական ազդեցություն են թողել Հայաստանի և հայկական սփյուռքի վրա։ Չափազանց կարևոր է, որպեսզի մենք երաշխավորենք, որ ապագա սերունդները կիմանան այս կոտորածի մասին, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»։
Նա հավելել է, որ ուրախ է միանալու Դինա Տիտուսի նախաձեռնությանը։