Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո լրագրողների առջև ելույթում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, որ գիտեն և ճանաչում են, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է:
Գերմանիայի նախագահը շեշտել է զգայուն հարցերին հատուկ մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը։
«Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի։ Մենք գիտենք և ճանաչում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է»,–ասել է նա, հայտնում է APA-ն։
Շտայնմայերը հավելել է, որ եթե ուսումնասիրեն վերջին տարիների Գերմանիայի կառավարության արտաքին քաղաքականությունը, ապա ակնհայտ է դառնում, որ Բեռլինը հավասարակշռված դիրքորոշում ունի տարածաշրջանի հանդեպ։
Մինչ Բաքու մեկնելը պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվելիս Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սոցցանցի իր էջում հրապարակել էր Արցախի դրոշով պատկեր, որը հետագայում հեռացվել է։ Դա հիստերիա էր առաջացրել Բաքվում, Գերմանիայի դեսպանը հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանի իշխանություններից Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այն հրապարակման համար, որտեղ նա սոցցանցի պաշտոնական էջում հրապարակել էր Արցախի դրոշով պատկերը՝ կից գրառմամբ։ Գրառումը համարվել է «տեխնիկական սխալի հետևանք» և հեռացվել է էջից։
Արցախի դրոշի պատկերին կից Շտայնմայերը գրել էր․ «Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին։ Միջազգային իրավունքի համաձայն՝ տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին, սակայն այնտեղ մեծամասնությամբ հայեր են ապրել։ Վերջին տասնամյակներում բազմիցս տեղի են ունեցել զինված հակամարտություններ»։