2 ապրիլի 2025 - 17:36 AMT
Խանդանյանը չի նեղվել իր հասցեին ադրբեջանցի պաշտոնյայի որակումից․ «Պոպուլիզմը սարսափելի բառ չէ»

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում Հայաստանը վստահորեն շարունակում է կառուցողական քաղաքականություն վարել։

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահի կողմից արված հայտարարությունը, որով վերջինս իրեն անվանել էր «պոպուլիստ», Խանդանյանն ասել է, որ պոպուլիզմը շատ սարսափելի բառ չէ, հայտնում է Aysor.am-ը։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովը մերժել է Խանդանյանի՝ հանձնաժողովների երկկողմ հանդիպում կազմակերպելու առաջարկը։

«Ես դա չեմ կիսում, բայց եթե դա այդպիսի ընկալում ունի, ինձ համար պրոբլեմ չէ լինել պոպուլիստ, եթե դա միտված է խաղաղությանը։ Եկեք դրանից չվախենանք։ Ես դրանից բացարձակ վատ չեմ զգացել»,–ասել է նա։

Անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ Խանդանյանը նշել էր, որ իշխանությունն անում է քայլեր, որոնք կառուցողական են ու որոնք նպաստում են գործընթացի առաջխաղացմանն ու չլճացմանը։

«Ես կարծում եմ՝ պետք է շարունակել այս տրամադրվածությամբ աշխատել, իհարկե, միակողմանի գործընթաց չէ, բայց, այնուամենայնիվ, մենք որոշ արդյունքերի հասել ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավորը։