2 ապրիլի 2025 - 18:39 AMT
Բեժանյան. ՌԴ-ում այլևս ոչ ոք չի կարող վարորդ աշխատել՝ չունենալով ՌԴ վարորդական իրավունք

Ռուսաստանում վարորդի աշխատանք կատարելու համար այլևս պարտադիր է ունենալ տեղական վարորդական իրավունք: Այդ մասին հայտարարել է փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

«ՌԴ-ում այլևս ոչ ոք չի կարող վարորդ աշխատել՝ չունենալով ՌԴ վարորդական իրավունք»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները նախկինում կարող էին առանց քննություն հանձնելու իրենց ազգային վարորդական իրավունքները ՌԴ վարորդական իրավունքներով փոխել։

«Ապրիլի մեկից այս կարգն այլևս չի գործում, և անկախ նրանից՝ ունեն կացության կարգավիճակ, ունեն բնակության իրավունք, հանդիսանում են երկքաղաքացի, որպեսզի ձեռք բերեն ՌԴ վարորդական իրավունք, պետք է քննություն հանձնեն»,- նշել է Բեժանյանը։

Փորձագետը նշել է նաև, որ այս փոփոխությունը վերաբերում է բացառապես այն անձանց, ովքեր աշխատում են որպես վարորդ և զբաղվում են ուղևորների կամ բեռների փոխադրմամբ։