Տեղահանված արցախցիների զգալի մասը դեռ չի դիմել ՀՀ քաղաքացու նոր անձնագիր ստանալու համար։ Նրանք համոզված են, որ իրենք հանդիսանում են ՀՀ քաղաքացի, իսկ նախկինում իրենց տրամադրված անձնագրերը ուղղակի վկայում են, որ արցախցի են, Արցախի բնակիչ։ Հետևապես՝ այդ անձնագրերից հրաժարվելը արցախցիները դիտարկում են որպես հրաժարում իրենց հողից, դրա նկատմամբ իրենց օրինական իրավունքից։
Վերջին 1․5 տարվա ընթացքում տեղահանված արցախցիների նույնիսկ 10 տոկոսը նոր անձնագրի դիմում չի ներկայացրել։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիոն ծառայությունը տեղեկացրել է, որ այս ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստացել է ընդամենը 7402 տեղահանված, հայտնում է «Փաստինֆոն»։
«2025 թվականի մարտի 28-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 8437 անձ, որից ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 7402 անձի»,- պաշտոնապես հայտնել են միգրացիոն ծառայությունից։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։