ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10% մաքսատուրք է սահմանել նաև Հայաստանից ներկրվող ապրանքների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նա նշել է, որ սա նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։
«Հայաստանը Թրամփի առևտրային պատերազմից անմասն չմնաց. գրեթե բոլոր պետություններն ընդգրկվել են նոր մաքսատուրքերի ցուցակում։ Այնուամենայնիվ, որոշ բացառություններ կան, օրինակ՝ Ռուսաստանը։ Թրամփը հայտարարել է, որ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքերն ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։
Թրամփը սահմանել է փոխադարձ մաքսատուրքեր (Reciprocal Tariffs), այսինքն մեխանիզմ, որի միջոցով ԱՄՆ-ն մոտավորապես նույն մակարդակի մաքսատուրքեր է սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք սահմանափակում են իրենց շուկան ամերիկյան ապրանքների համար։
Սա, իհարկե, նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես՝ ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի արտահանումը»,–գրել է նա։
Սարգսյանը ներկայացրել է նաև 2024 թվականին հայ-ամերիկյան ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը, որը կազմել է 282.4 միլիոն դոլար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է համապարփակ սակագնային որոշում՝ հայտարարելով տնտեսական արտակարգ դրություն և սահմանելով առնվազն 10% տուրք աշխարհի բոլոր երկրների նկատմամբ: Դրա հետ մեկտեղ, 60 երկրի կամ առևտրային միությունների համար, որոնք մեծ առևտրային դեֆիցիտ ունեն ԱՄՆ-ի հետ, տուրքերը ավելի բարձր են: Ավտոմեքենաների ներկրման սակագները արդեն ուժի մեջ են մտել, հայտնում է CNN-ը։
Չինաստանը, որն ԱՄՆ արտահանող երկրորդ խոշոր երկիրն է Մեքսիկայից հետո, ամենաշատն է տուժելու՝ հանդիպելով 54% տուրքի: Չինաստանը պատասխան քայլերի սպառնալիք է հնչեցրել: Կանադան և Եվրոպական միությունը, որոնք նույնպես ԱՄՆ-ի խոշոր գործընկերներն են, արդեն պատրաստվում են իրենց հակամիջոցներին:
Սույն լուրերը զգալի անկում են առաջացրել համաշխարհային ֆոնդային շուկաներում։ ԱՄՆ ֆոնդային շուկաները կտրուկ անկել են հետժամային առևտրում, իսկ Ասիայի շուկաներն արձագանքել են նմանատիպ անկմամբ։ Ոսկու գինը հասել է պատմական առավելագույնին, քանի որ ներդրողները նախընտրում են անվտանգ ակտիվներ։ CNN-ի հետ զրույցում առաջատար տնտեսագետները մտահոգություն են հայտնել, որ սակագները կարող են գլոբալ տնտեսությունն ուղղել ռեցեսիայի: