Ֆրանսիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը, ինչը Հարավային Կովկասը կվերածի խաղաղության, համագործակցության ու ինտեգրման գոտու։
Հաքան Ֆիդանն ու Ժան-Նոել Բարոն քննարկել են նաև Ուկրաինայի շուրջ կարգավորման գործընթացը, իրավիճակն Սիրիայում և Գազայի հատվածում, հայտնում է ՍիվիլՆեթը։
Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների համատեքստում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատել են հրադադարի պահպանման վերահսկման ուղղությամբ գործակցությունը շարունակելու իրենց վճռականությունը, միաժամանակ կարևորելով Ուկրաինայի համար ամուր անվտանգության երաշխիքների հիման վրա արդար ու կայուն խաղաղության ապահովումը։
Սիրիայի մասով Ժան-Նոել Բարոնը խստորեն դատապարտել է փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունները, որոնք տեղի են ունեցել մարտ ամսին՝ Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում։
Նախարարները շեշտել են, որ անհրաժեշտ է ամբողջությամբ բացահայտել այդ հանցագործությունները և պատժել մեղավորներին։ Ֆրանսիացի նախարարը նաև ողջունել է Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) հրամանատար Մազլում Աբդիի և Սիրիայի ժամանակավոր իշխանությունների միջև ստորագրված համաձայնագիրը։
Նախարարները վերահաստատել են իրենց համատեղ պատրաստակամությունը՝ շարունակելու հրադադարի պահպանումը Գազայում, ապահովելու բոլոր պատանդների ազատ արձակումը և հաստատելու կայուն խաղաղություն։