27 մայիսի 2009 - 19:10 AMT
Մայիսի 29-ին Երեւանում կավարտվի միջազգային երաժշտական հինգերորդ փառատոնը
Մայիսի 29-ին Երեւանում «Ազգային պատկերասրահ» դասական երաժշտության միջազգային հինգերորդ փառատոնը կավարտվի Ազգային Պատկերասրահի Որմնանկարների սրահում Վաչե Շարաֆյանի եւ Լիզա Բիլավայի ստեղծագործությունների կատարմամբ: Պատկերասրահի այս սրահում վերջին փառատոնային օրը ելույթ կունենան նաեւ ամերիկյան կատարող ջութակահարներ Կոլին Յակոբսենը եւ Կարլա Կիհլստեդը, որը յուրօրինակ է միաժամանակ ջութակի վրա նվագելու եւ երգելու իր կատարումներով, ռուս ալտահար Մաքսիմ Նովիկովը, հայ ջութակահար Կարեն Շահգալդյանը եւ թավջութակահար Արամ Թալալյանը, փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանը եւ Գարիկ Նազարյանը:
«Այս փառատոնը դարձավ պրեմիերաների յուրօրինակ փառատոն, քանի որ այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցեցին Հայաստանի օպերայի եւ բալետի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանից ժամանած ալտահար Մաքսիմ Նովիկովը, ակնառու էր նաեւ ռուսական ուղղափառ երաժշտությանը նվիրված համերգը եւ շատ այլ միջոցառումներ»,- ասել է «Ազգային պատկերասրահ» փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը:
Ամփոփիչ համերգին կկատարեն Շարաֆյանի «Արեւը, գինին եւ ժամանակի քամին», «Vi-o-la» եւ «Սիրամարգի երազները» ստեղծագործությունները, ամերիկացի կոմպոզիտոր-վոկալիստ Լիզա Բիլավայի «Երգեր Կաֆկայի մասին» եւ Բորիս Պաստեռնակի ստեղծագործությանը նվիրված «Շատպիր» ստեղծագործությունը:
«Ազգային պատկերասրահ» փառատոնը մեկնարկել է ապրիլի 22-ին երեւանում Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնի նվագախմբի ելույթով: Փառատոնի շրջանակներում անցկացվեցին ժամանակակից հայ դասական եւ ռուս ուղղափառ երաժշտության օրեր, ինչպես նաեւ Տիգրան Մանսուրյանի 70-ամյակին նվիրված համերգ: