Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2025» տարեկան զեկույցում Հայաստանի վերաբերյալ բաժնում առանձին ուշադրություն է հատկացվել երկրի ընտրական գործընթացներին:
Ինչ վերաբերում է ընտրությունների կազմակերպման և վերահսկման մարմինների՝ մասնավորապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությանը, զեկույցում նշվում է, որ ԿԸՀ անդամները նշանակվում և հաստատվում են խորհրդարանի կողմից՝ վեց տարվա ժամկետով։ Միջազգային դիտորդները 2021 թվականի հունիսին կայացած ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ի աշխատանքը համարել են թափանցիկ և արդյունավետ։ Սակայն 2022 թվականի հոկտեմբերին իշխող ուժի անդամ Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելը մտահոգություններ է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանակում՝ կառույցի անաչառության և անկախության վերաբերյալ, հայտնում է Factor.am-ը։
Ընտրական օրենսդրության փոփոխությունները ևս արժանացել են դիտորդների քննադատությանը։ 2021 թվականի ապրիլին ընդունված բարեփոխումը սահմանել է պարզ համամասնական համակարգ՝ ազգային ընտրատարածքի հիմքով, որի համաձայն էլ հունիսյան ընտրություններն անցկացվել են։ Իսկ 2023 թվականի մայիսին կառավարությունը նախաձեռնել է նոր փոփոխություններ Ընտրական օրենսգրքում։ Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ-ն համատեղ զեկույցում այդ փոփոխությունների հաճախականությունն անվանել են «ապշեցուցիչ» և ափսոսանք հայտնել, որ բարեփոխումների շուրջ ներկայացված բոլոր առաջարկությունները չեն ընդունվել։
«Արդյո՞ք ներկայիս կառավարության ղեկավարը կամ այլ առանցքային պետական պաշտոնյաներն ընտրվել են ազատ և արդար ընտրությունների միջոցով․ այս հարցադրման ներքո նշվում է, որ նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից յոթ տարի ժամկետով, որ գործադիր իշխանության մեծ մասը պատկանում է վարչապետին, որն ընտրվում է խորհրդարանական մեծամասնության կողմից:
2022 թվականի հունվարին նախագահ Արմեն Սարգսյանը, որն ընտրվել էր 2018 թվականի սկզբին, հրաժարական է տվել։ Նոր նախագահ է ընտրվել Վահագն Խաչատուրյանը, որը զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը։ 2021 թվականի հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է մանդատների մեծամասնությունը՝ թույլ տալով նրան պահպանել իր պաշտոնը։
Թեև արդյունքը վիճարկվել է ընդդիմության կողմից, Սահմանադրական դատարանը հաստատել է ընտրությունների արդյունքները, և տեղական և միջազգային դիտորդները ընտրությունները համարել են համեմատաբար ազատ և արդար՝ չնայած որոշ խախտումներին:
Արդյո՞ք օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն ընտրվել են ազատ և արդար ընտրությունների միջոցով․ Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 անդամից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով համամասնական ընտրակարգով։ 2021 թվականի հունիսին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքներով ներկայացված են երեք քաղաքական ուժեր։ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 53,9 տոկոսը և կայուն մեծամասնությունը՝ 71 մանդատ։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը՝ «Հայաստանը», ստացել է ձայների 21,1 տոկոսը և 29 մանդատ։ Մեկ այլ դաշինք՝ «Պատիվ ունեմ»-ը, որը հիմնել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ստացել է ձայների 5,2 տոկոսը և 7 մանդատ, թեև մեկ ներկայացուցիչ լքել է խմբակցությունը՝ դառնալով անկախ պատգամավոր։
2024 թվականի նոյեմբերին վարչապետ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին կոչ է արել վայր դնել մանդատները։ Զեյնալյանը ընդունել է առաջարկը, իսկ Աղազարյանը մերժումից հետո հեռացվել է կուսակցությունից, ինչպես նաև մեկ այլ պատգամավոր, որը սատարել է նրան։ Հետագայում Աղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ իբր պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանքով (իրականում Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթները այլ հոդվածների հատկանիշներով են, ոչ թե պետական գաղտնիքի հրապարակման, ԽՄԲ):
2023 թվականի սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 14 քաղաքական ուժ, սակայն մասնակցության մակարդակը կազմել է ընդամենը 28․4 տոկոս։ «Անկախ դիտորդ» հասարակական մոնիտորինգային կազմակերպությունը արձանագրել է, որ չնայած նախընտրական շրջանում արձանագրված «վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահումներին», ընտրողների կամարտահայտման ազատությունն ընդհանուր առմամբ պահպանվել է։ Միևնույն ժամանակ, նույն խումբը փաստագրել է ընտրատեղամասերում չարտոնված անձանց ներկայություն, քվեարկության գաղտնիության խախտումներ, ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքեր, ինչպես նաև դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների սահմանափակումներ։ Լրատվական հարթակների հետագա հետաքննությունները բացահայտել են իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզչության հնարավոր ապօրինի ֆինանսավորման փաստեր»,–ասվում է զեկույցում։