4 ապրիլի 2025 - 10:48 AMT
Հոսեյնի․ Իրանն ու ՀՀ–ն պատրաստ են գործակցել զենքի մատակարարման, անվտանգության ոլորտներում

«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման» հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին ապրիլի 3-ին լրագրողների հետ ունեցած զրույցում ասել է, որ Հայաստանն ու Իրանը պատրաստ են հաստատել համագործակցություն զենքի մատակարարման, հետախուզական տվյալների փոխանակման և անվտանգության այլ ասպեկտներում, հայտնում է Auroranews.am-ը։

«Իրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Երրորդ կողմերը, որոնք խոչընդոտում են մեր հարաբերություններին (այդ թվում՝ արևմտյան երկրները), չպետք է միջամտեն»,- նշել է նա։

Հոսեյնին ընդգծել է, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում նույնպես նշանակալի աճ է արձանագրվել։ Ըստ նրա՝ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալն արդեն հասել է 700 միլիոն դոլարի՝ նախորդ 300 միլիոնի փոխարեն։ Երկու կողմերն այժմ նպատակ են դրել այդ ցուցանիշը նախ հասցնել մինչև 1 միլիարդ դոլար, իսկ հեռանկարային փուլում՝ մինչև 3 միլիարդ դոլար։

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնականացման փաստը՝ շեշտելով դրա կարևորությունը տարածաշրջանի համար: