4 ապրիլի 2025 - 11:57 AMT
Թալեպբուր․ ՀՀ–ն կարող է փոխարինել Բաքվին իրանական ապրանքները ՌԴ արտահանելու գործում

ՀՀ տարածքով երթուղին կարող է ադրբեջանական ճանապարհների այլընտրանք դառնալ իրանական արտադրանքը Սևծովյան տարածաշրջանի երկրներ և Ռուսաստան արտահանելու համար: Այդ մասին հայտարարել է իրանական FPS ընկերության գլխավոր տնօրեն Մուստաֆա Թալեպբուրը «Հայք–Իրան. հազարամյա հարևանություն» միջազգային համաժողովի ժամանակ։

Նրա համոզմամբ՝ Իրանը հիմնականում Ռուսաստան է արտահանում կաթնամթերք և գյուղատնտեսական արտադրանք։ Ներկայումս այդ ապրանքների հիմնական փոխադրումն իրականացվում է Ադրբեջանի տարածքով, սակայն սահմանային հատվածներում պարբերաբար խոչընդոտներ են առաջանում, ինչի հետևանքով իրանական բեռնատարները զգալի ուշացումներով են տեղ հասնում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը՝ Հայաստանն Իրանի համար կարող է դառնալ կայուն և անվտանգ տարանցիկ գործընկեր», – նշել է Թալեպբուրը։

Նա հավելել է, որ Սուեզի ջրանցքի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակը Հայաստանի դերը առավել կարևոր է դարձնում «Հյուսիս–հարավ» միջանցքում։ Բացի այդ, Հայաստանը կարող է ծառայել որպես տարանցիկ ուղի՝ Միջին Ասիայից, Չինաստանից և Հնդկաստանից դեպի եվրոպական շուկա արտահանվող բեռների համար։

Թալեպբուրը նշել է նաև, որ Հայաստանը առանցքային դիրք ունի «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, այդ նախաձեռնության հիմնական խոչընդոտներից մեկն ադրբեջանա-թուրքական կողմի առաջ մղած «Զանգեզուրի միջանցք» գաղափարն է, որն իր բնույթով սպառնում է նախագծի իրականացմանը։

«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման» հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին ապրիլի 3-ին լրագրողների հետ ունեցած զրույցում ասել է, որ Հայաստանն ու Իրանը պատրաստ են հաստատել համագործակցություն զենքի մատակարարման, հետախուզական տվյալների փոխանակման և անվտանգության այլ ասպեկտներում: