Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Եվրոպայի և ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ընդգծել է, որ Ֆրանսիան առաջիններից է, ով ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և կոչ է արել կարճ ժամանակում ստորագրել համաձայնագիրը։
Իր խոսքում Բարոն անընդունելի է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի կողմից առաջ քաշվող ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանը և շեշտել է, որ նման նախապայմանները ձգձգում են ստորագրման գործընթացը, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Նա նշել է, որ ինչպես Ֆրանսիան, այնպես էլ՝ Եվրոպական Միությունը ուշադիր հետևում են Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված բոլոր անձանց շուրջ իրավիճակին և կոչ են անում նրանց ազատ արձակել երկու երկրների միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակներում։
«Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և բարգավաճման տարածք։ Եվրոպական Միությունը կարող է դեր խաղալ սահմանների բացմանը, տարածաշրջանի ապաշրջափակմանը նպաստելու հարցում՝ ի շահ տարածաշրջանի բնակչության։ Հենց այս պատճառով մենք կոչ ենք անում հարգել ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ խաղաղության գործընթացի և խաղաղության համաձայնագրի շրջանակներում, որը պետք է այսուհետ կնքվի երկու երկրների միջև»-հավելել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկնել է այն թեզը, թե Ադրբեջանի պահանջները ՀՀ–ին հայտնի են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և ՀՀ սահմանադրության փոփոխում, որում, իբր, «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»։