Բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը պաշտպանելն ավելի հեշտ է, քան պատկերացնում եք։
«Նախ՝ պետք է ունենալ պաշտպանված ու ապահով գաղտնաբառ, ինչը չի նշանակում, որ այն անպայման պետք է լինի երկար ու բավականին խառը։ Դա նույնպես ապահով տարբերակ է, բայց եթե Դուք այն կրկնում եք Ձեր մի քանի հաշիվների համար, գաղտնաբառը կորցնում է իր ապահովությունը։ Այսինքն, գաղտնաբառը յուրաքանչյուր հարթակի համար պետք է լինի միակը և չկրկնվի ոչ մի այլ տեղ․ էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառը չպետք է կրկնվող լինի»,–ասվում է ID բանկի հաղորդագրության մեջ։
Սա վերաբերում է նաև այն էլեկտրոնային հասցեի գաղտնաբառին, որը կցված է դրամապանակին։
Երկրորդ կարևոր պայմանը մեկանգամյա գաղտնաբառը (OTP – One Time Password) ոչ ոքի չտրամադրելն է։
«Օրինակ՝ երբ առցանց գնումներ եք կատարում, լրացնում եք բոլոր տվյալները, այդ թվում՝ Ձեր քարտային տվյալները, Ձեր հեռախոսահամարին ուղարկվում է հենց այդ մեկանգամյա գաղտնաբառը։ Դա հենց երկրորդ փուլով Ձեր տվյալները պաշտպանելու համար է արված, որ եթե պատահաբար Ձեր հիմնական գաղտնաբառը կորցնեք կամ տրամադրեք այլ անձի, և նա փորձի մուտք գործել Ձեր հաշիվ, չկարողանա առանց այդ գաղտնաբառի։
Եվ, առհասարակ, ոչ մի գաղտնաբառ ոչ ոքի երբեք չի կարելի տրամադրել, անգամ՝ Ձեր ամենամտերիմ մարդկանց, առավել ևս՝ համացանցում ինչ-որ անհայտ հղումներով մուտք գործելիս։ Եթե անգամ Ձեզ զանգահարել են և ներկայացել Բանկից ու խնդրում են տրամադրել որևէ գաղտնաբառ, Դուք միանգամից պետք է հրաժարվեք և անջատեք զանգը․ Բանկի ոչ մի աշխատակից երբեք նման տվյալ չի հարցնի Ձեզնից»,–ասվում է հաղորդագրության մեջ։
IDbank-ը և Իդրամը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։