Հայրենական մեծ պատերազմի վետերանները, որոնք բնակվում են Հայաստանում, հնարավորություն են ստացել մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված լայնածավալ տոնակատարություններին, որոնք կայանալու են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ընդգծելով, որ ռուսական կողմը մտադիր է հատուկ հրավեր ուղարկել այդ միջոցառումների մասնակցության համար։
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այս տարեթիվը արժանավայել նշվի Հայաստանում, և շատ ենք գնահատում այն համագործակցությունը, որն առկա է մեր միջև՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հիշողության և Խորհրդային Միության ժողովուրդների սխրանքը հիշելու հարցում»,–ասել է Կոպիրկինը, հայտնում է Sputnik Արմենիան։
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանում կազմվել է հարուստ միջոցառումների ծրագիր, ՌԴ դեսպանատունը համակարգում է կազմակերպչական բոլոր քայլերը՝ համագործակցելով հայկական կողմի հետ։
Հիշատակի միջոցառումներ են նախատեսվում նաև Հայաստանում։ Մասնավորապես՝ Երևանում կրկին անցկացվելու է «Հիշողության այգի» նախաձեռնությունը, որի շրջանակում բնակիչները ծառեր են տնկելու՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի տարիներին զոհվածների։ Բացի այդ, մայրաքաղաքի փողոցներով անցնելու է «Անմահ գնդի» երթը, որի մասնակիցները կրելու են իրենց հերոսների դիմանկարները։
ՀՀ–ում Հայրենականի 34 վետերան է ապրում, որոնց մեծ մասը 100 և ավելի տարեկան է։