Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին կարգադրել է Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի բերել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշմանը, որը հայտարարել, է, որ, եթե Իրանը ուղիղ բանակցություններից հրաժարվի, հնարավոր են ռմբակոծություններ։ Այդ մասին հայտնել է իրանցի բարձրաստիճան մի պաշտոնյա, գրում է Reuters–ը։
Իրանում դա շանտաժ են համարում։
Իրանը դեմ է արտահայտվել ԱՄՆ պահանջին՝ ուղիղ բանակցություններ սկսել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, գրում է Euronews-ը։
Իրանը ծանուցումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին՝ նշելով, որ ամերիկյան հարձակմանը որևէ աջակցություն կամ տարածքի տրամադրում, կդիտարկվի որպես թշնամական քայլ։
Նույն աղբյուրը նշել է նաև, որ Իրանը չնայած մերժել է ԱՄՆ-ի՝ ուղղակի բանակցությունների պահանջը, սակայն պատրաստ է շարունակել անուղղակի բանակցություններն Օմանի միջնորդությամբ։ Այս երկիրը երկար տարիներ եղել է Իրանի և ԱՄՆ-ի միջև կապի աղբյուր։
Փորձագետների կարծիքով՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու ԱՄՆ սպառնալիքներն էլ ավելի են բարձրացրել լարվածությունը տարածաշրջանում, որտեղ արդեն ընթանում է Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի հետ, հարվածներ են հասցվում Եմենին, և նոր ղեկավարություն է ձևավորվել Սիրիայում։
Տարածաշրջանային հակամարտության հնարավոր ընդլայնման վախերը մտահոգություն են առաջացրել Պարսից ծոցի երկրներում, որոնք հանդիսանում են նավթի համաշխարհային մատակարարումների կարևոր աղբյուր։
Իրաքի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Քաթարի և Բահրեյնի կառավարությունները դեռ չեն արձագանքել լրատվամիջոցների հարցումներին։ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չունի տեղեկություն նման զգուշացումների մասին։
Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Քուվեյթը հավաստիացրել է Թեհրանին, որ թույլ չի տա իր տարածքը օգտագործվի այլ երկրների դեմ ուղղված ագրեսիայի համար։
Իրանի դաշնակից Ռուսաստանը դատապարտել է ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ ռազմական հարվածների սպառնալիքները՝ համարելով դրանք անընդունելի, իսկ հաջորդ օրը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։ Իրանական կողմի կարծիքով՝ Թեհրանը հույս ունի Մոսկվայի աջակցության վրա, սակայն դա կախված է Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հարաբերությունների դինամիկայից։
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Էմիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաները կարող են դառնալ թիրախ ցանկացած բախման դեպքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել է, որ նախընտրում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարք, այլ ոչ թե ռազմական բախում։ Մարտի 7-ին նա հայտնել է, որ նամակ է գրել այաթոլա Ալի Համենեին՝ բանակցություններ սկսելու առաջարկով։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ միջնորդավորված բանակցությունների առաջին փուլում կարող են ներգրավվել օմանցի դիվանագետները, որոնք ուղերձներ կփոխանցեն Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև։ Համենեին թույլատրել է արտգործնախարար Աբբաս Արաղչիին կամ նրա տեղակալ Մաջիդ Թահթ-է Ռավանչիին մասնակցել ցանկացած բանակցության, որը կարող է տեղի ունենալ Մասկատում։
Օմանի կառավարության ներկայացուցիչը դեռ չի պատասխանել մեկնաբանության հարցմանը։ Սակայն պաշտոնյան կարծում է, որ իրենք մոտ երկու ամիս ժամանակ ունեն՝ համաձայնեցման հասնելու համար՝ վկայակոչելով մտահոգությունները, որ Իրանի երկարամյա հակառակորդ Իսրայելը կարող է հարված հասցնել, եթե բանակցությունները ձգձգվեն, ինչը կարող է հանգեցնել Իրանի նկատմամբ բոլոր միջազգային պատժամիջոցների «հեռացման»։
2020 թվականին Իրանը հարված էր հասցրել Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, երբ «Քուդս» ուժերի հրամանատար Քասեմ Սոլեյմանին զոհվել էր ԱՄՆ-ի կողմից Բաղդադում իրականացված հրթիռակոծության արդյունքում։