ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը պահանջում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, որոնք ներկայացվել են 1994-ից մինչև 2019 թվականը։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում;
Նա նշել է, որ «Արցախի հանձնման թեման չի մարսվել ու չի մարսվելու»։
«Պատերազմով Արցախի գլխին դժոխք բերելու թեման չի մարսվել ու չի մարսվելու։ Պատերազմի ժամանակ Պուտինի պատերազմը դադարեցնելու ծրագիրը մերժելու թեման չի մոռացվել ու չի մոռացվելու։
2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը մերժելու և Արցախի գլխին պատերազմ բերելու հարցը չի մարսվել ու չի մարսվելու։
Քաղաքական դաշտը պետք է լինի հետևողական. պետք է Նիկոլից պահանջել հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն ու ՀՀ իշխանությունների բոլոր պատասխանները։ Նախ և առաջ պետք է պահանջել նրանից հրապարակել 2019-ի հունիսի առաջարկը։
Ինչու՞, քանի որ այնտեղ է «թաղված շան գլուխը»։ Նիկոլը հրաժարվել է 2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ առաջարկից ՝բերելով պատերազմ ու կապիտուլյացիա։ Այդ առաջարկով Արցախն ունենում էր միջանկյալ կարգավիճակ, Հադրութն ու Շուշին, Ստեփանակերտն ու Մարտակերտը, Մարտունին ու Ճարտարը, Ասկերանն ու Մատաղիսը, Լաչինն ու Քելբաջարը մնում էին Արցախի վերահսկողության տակ։ Դադիվանքն ու Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը հայի սուրբ աղոթավայր էին շարունակելու մնալ։
Արցախի ժողովուրդը կարող էր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով որոշել իր վերջնական կարգավիճակը։ Ու ամենակարևորը. այդ ամենն արվելու էր առանց որևէ կրակոցի ու զոհի։ Ես պնդում եմ իմ ասածը։
Թող հրապարակի Նիկոլը ու բոլորդ կտեսնեք, որ նա, մերժելով 2019-ի առաջարկը, բերել է մահ, պարտություն ու հայրենազրկում։ Սա պետք է լինի ընդդիմադիր քաղաքական դաշտի գլխավոր պահանջներից մեկը։ Ու այս պահանջին պետք է միանան Արցախը հայկական համարող բոլոր հայորդիները։
Հրապարակել բանակցային փաստաթղթերը։ Սա է հարցերի հարցը, ոչ թե որ համայնքում ով քանի մանդատ ունի… Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնունդ է Արցախյան շարժման։
Հետևաբար ,ՀՀ քաղաքացիները պետք է պահանջեն Նիկոլից հրապարակել բանակցային ու, մասնավորապես, 2019-ի առաջարկները»,–ասվում է գրառման մեջ։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։