7 ապրիլի 2025 - 12:53 AMT
«Շիրակ» ՖԱ–ն՝ «Արարատին»․ Բացեք փակագծերն ու խոսեք հասցեական

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պատասխանել է «Արարատի» մեղադրանքներին՝ պահանջելով հստակեցնել՝ կոնկրետ ով է մեղավոր մրցավարական «խայտառակության» համար։

«Արարատ» ֆուտբոլային ակումբն ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային բողոք հայտնելու և անհրաժեշտության դեպքում նաև ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեին դիմելու մտադրության մասին՝ կապված ապրիլի 4-ին կայացած Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» հանդիպման վիճահարույց դրվագի հետ, հայտնում է «Առավոտը»։

«Մասնավորապես, ակումբը մատնանշում է խաղի 29-րդ րոպեին տեղի ունեցած դեպքը, որի ընթացքում, ըստ ակումբի գնահատականի, «Արարատի» օգտին պետք է նշանակվեր 11-մետրանոց հարված, սակայն մրցավարը նման որոշում չկայացրեց։

«Արարատ» ֆուտբոլային ակումբն ընդգծում է արդար մրցակցության և մրցավարական որոշումների թափանցիկության կարևորությունը՝ համոզված լինելով, որ նման դեպքերի մանրամասն վերլուծությունն ու պատշաճ գնահատականը կնպաստեն մրցավարության որակի բարելավմանը և առաջնության հանդեպ հանրության վստահության ամրապնդմանը։

Բացի այդ, ակումբը խնդրել է, որ պատկան մարմինները հետաքննեն հանդիպման հնարավոր պայմանավորված բնույթը և խաղի արդար ընթացքը խաթարող հնարավոր մրցավարական գործողությունները։ Ակումբը իր դիմում-բողոքին կցելու է համապատասխան տեսագրությունները և պաշտոնական հիմնավորումները՝ պահանջելով սահմանված կարգով սկսել պաշտոնական վարույթ և անցկացնել հարցի համակողմանի քննություն»,-նշվում է ֆուտբոլային ակումբի հայտարարությունում։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը նախ արձագանքել էր հայտարարությանը ֆեյսբուքյան գրառմամբ։

«Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է ու նրա մրցավարները, հարգելի Արարատ ՖԱ։ Ո՞ւմից եք բողոքում”,–ասվում էր գրառման մեջ։

Այնուհետև «Շիրակը» հանդես է եկել հայտարարությամբ՝ կրկին ընդգծելով, որ ակումբը բազմիցս նշել է՝ ՀՖՖ ներկա ղեկավարության ներկայությունը ոչ միայն չի նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը, այլ ավելին՝ խորացրել է առկա ճգնաժամը։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը բազմիցս ընդգծել է՝ ՀՖՖ գործող ղեկավարների մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղել է, թաղում է ու թաղելու է ավելի մեծ խնդիրների մեջ: Բազմիցս պնդել ենք՝ միակ ելքը ՀՖՖ գործող ղեկավարների օր առաջ հեռանալն է։

Ավելին, FC Ararat, ձեր կողմից մատնանշած մրցավարական խնդիրների և հանդիպումների հնարավոր պայմանավորված բնույթի՝ ասել է թե ղումարի մասին բազմիցս խոսել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը՝ ընդգծելով ՀՖՖ գործող ղեկավարների անտարբերությունն ու հաշտ կեցվածքը տեղի ունեցածի հետ»,–ասվում է հայտարարության։

Ըստ ակումբի, արդարացի պահանջին միանալու փոխարեն «Արարատը» նույն ժամանակահատվածում իր անվերապահ աջակցությունն էր հայտնում ՀՖՖ գործող ղեկավարներին ու զբաղված էիք ՀՖՖ գործող փոխնախագահի առաջարկին արձագանքելով, որտեղ ոչ մի տառ ու բառ չկար ոչ մրցավարների, ոչ էլ մատնանշած խնդիրների մասին։

«Քանի որ, ըստ Ձեզ, փորձանքի մեջ եք ու Մելիքբեկյանի մրցավարությունը որակում եք խայտառակություն, մեր խնդրանք-պահանջն է, որ բացեք փակագծերն ու խոսեք հասցեական՝ կոնկրետ նշելով ով կամ ովքեր են Ձեր նշած խայտառակության մեղավորը կամ մեղավորները։ Ո՞ւմ են ուղղված ձեր դժգոհությունները ու արդյոք դրանց լուծումը պետք է տա ֆուտբոլն աղետի վերածած Արմեն Մելիքբեկյանի ֆեդերացիան»,–ասվում է «Շիրակի» հայտարարության մեջ։