2024 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի հիման վրա՝ որը վերաբերում է զինծառայությունից կամ զորակոչից խուսափելուն, հետախուզվել է 10 910 մեղադրյալ, որոնցից 561-ը հայտնաբերվել է։ Այդ տվյալները ներկայացված են գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվությունում։
2023 թվականին նույն հոդվածով հետախուզվել էր 11,492 մեղադրյալ, հայտնաբերվել էին 398-ը, հայտնում է Արմենպրեսը։
Այսպիսով, 2024 թվականին հետախուզվողների թիվը 582-ով նվազել է նախորդ տարվա համեմատ, իսկ հայտնաբերման քանակը աճել է 163-ով։ Պաշտոնական տվյալներով՝ հայտնաբերման տոկոսային ցուցանիշը նախորդ տարվա համեմատ բարձրացել է 41 տոկոսով։
Զինծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու համար պատիժները կխստացվեն: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան փոփոխությունների նախագծին։ Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժաչափում 2-5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-6 տարի ժամկետով ազատազրկմամբ։