7 ապրիլի 2025 - 14:53 AMT
Խաչատուրյանը՝ Աբու Դաբիում․ ՀՀ–ն առաջարկում է ամենաբաց և գրավիչ ներդրումային միջավայրերից մեկը տարածաշրջանում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով

Աբու Դաբիում անցկացվող «Ամենամյա ներդրումային համաժողովում» ունեցած ելույթում նա հայտարարել է, որ ՀՀ–ն առաջարկում է ամենաբաց և գրավիչ ներդրումային միջավայրերից մեկը տարածաշրջանում։

«Իշխանությունների կողմից իրականացվող գործարար միջավայրի խորը և համապարփակ բարեփոխումներն օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ են առաջարկում: Հայաստանն օրինական երաշխիքներ է տրամադրում օտարերկրյա ներդրողների համար, ներառյալ սեփականության պաշտպանությունը, կապիտալի ազատ տեղաշարժը և թափանցիկ հարկային համակարգը:

Վերջին տարիներին Հայաստանը բարձր վարկանիշներ է գրանցել միջազգային ինդեքսներում, այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են օրինակ՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, տնտեսական ազատությունը, գործարար և ներդրումային ազատական միջավայրը։ Հայաստանն ունի ներդրումների պաշտպանության երկկողմ պայմանագրեր ավելի քան 40 երկրների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:

Հայաստանն առաջարկում է մի քանի Ազատ տնտեսական գոտիներ, որոնք բարենպաստ պայմաններ են ապահովում օտարերկրյա ներդրողների համար։ Այս գոտիներն առաջարկում են հարկային արտոնություններ, պարզեցված մաքսային ընթացակարգեր և մուտք դեպի տարածաշրջանային շուկաներ:

Իմ պատվիրակությունն այստեղ է կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնցով իմ գործընկերները կկիսվեն ձեզ հետ: Պատրաստ ենք գործնական բանակցությունների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, փորձի ու տեխնոլոգիաների փոխանակման”,–ասել է նախագահը։

Նա կարևոր է համարել նաև ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման և տնտեսական կապերի խթանման գործիք:

ՀՀ նախագահը հավելել է, որ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար:

Այցի ընթացքում ծրագրված են նաև Խաչատուրյանի հանդիպումները ԱՄԷ-ի բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։