7 ապրիլի 2025 - 14:58 AMT
Կայացել է Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը եզրափակվել է Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոժապավենի երաժշտության հայաստանյան պրեմիերայով։ Այն ներկայացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Սյուիտը ստեղծել է Օսկարով պարգևատրված կոմպոզիտոր Մայքլ Դաննան՝ հիմնվելով ֆիլմի երաժշտական նյութի վրա։ «Արարատ»-ի երաժշտության մեջ Դաննան հմտորեն միավորել է հայկական շարականներն ու ժողովրդական մեղեդիները՝ հուզելով բազմաթիվ ունկնդիրների ողջ աշխարհում։ Ըստ պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայության՝ կոմպոզիտորը սյուիտում ներառել է «Կռունկ» և «Երազ» ժողովրդական երգերը, ինչպես նաև «Ուր ես, մայր իմ» շարականը, հայտնում է Factor.am-ը։

Համերգի ընթացքում հնչել է նաև վրացի ճանաչված կոմպոզիտոր Գիյա Կանչելիի «Styx» ստեղծագործությունը, որն ընդգրկում է ալտի, խառը երգչախմբի և նվագախմբի մասեր։ Ալտի սոլոն կատարել է Սառա ՄըքԷլրավին։ Նրա խոսքերով՝ այս ստեղծագործությունը պատմում է առասպելական Ստիքս գետի մասին, որն ըստ հավատալիքների՝ բաժանում է մահը կյանքից, և «ալտն այս երկուսի սահմանագծին ուղեկցող ձայնն է»։

Նա հավելել է․ «Սա աներևակայելի լիրիկական, հոգևոր և իսկապես տպավորիչ ստեղծագործություն է»։

Երեկոյի ավարտին Սառա ՄըքԷլրավին որպես բիս կատարել է Կոմիտասի «Շողեր ջանը»։ Բացի այդ, ծրագրում ընդգրկված է եղել լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու «Երեք պիես հին ոճում» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնն այս տարի իրականացվել է Լեհաստանի դեսպանության աջակցությամբ։ Այն բացառիկ հարթակ է՝ հնարավորություն ընձեռելով հաղորդակցվելու մեր դարաշրջանի ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններին։