Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Աբու Դաբիում ընթացող ամենամյա ներդրումային համաժողովում ունեցած ելույթում նշել է, որ գործող աշխարհակարգը փոխվում է բավականին դինամիկ տեմպերով, իսկ մենք ապրում ենք պատմության բեկումնային, որոշ իմաստով անկանխատեսելիության փուլում:
Նա հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը ՀՀ գլխավոր առաջնահերթություններից է և որ Հարավային Կովկասը պետք է վերածվի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ։
«Մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման և տնտեսական կապերի խթանման գործիք: Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է տալիս տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման և միջազգային առևտրային միջանցքների գործարկման համար:
Նախագծի առանցքային գաղափարը կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, կապի մալուխներ և էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու և, ի վերջո, մարդկանց միջև շփումների հնարավորություններ ստեղծելու միջոցով, ինչը կարևորագույն բաղադրիչ է խաղաղության համար։
Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար:
Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ավելին, Հարավային Կովկասը պետք է վերածվի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, մարդկանց միջև շփումների ակտիվացմանը՝ միաժամանակ ապահովելով ողջ տարածաշրջանի կայուն տնտեսական աճը»,-ասել է ՀՀ նախագահը։
Այցի ընթացքում ծրագրված են նաև Խաչատուրյանի հանդիպումները ԱՄԷ-ի բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Խաչատուրյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով։