7 ապրիլի 2025 - 17:48 AMT
Վիզաների ազատականացման հարցով ԵՄ-ի փորձագետները կրկին Հայաստանում են

Հայաստանը կրկին ընդունել է ԵՄ փորձագիտական խմբին՝ վիզային ազատականացման ուղղությամբ կատարած առաջընթացի գնահատման նպատակով։ Սա նրանց երկրորդ այցն է։ Այդ մասին ասուլիսում ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը։

Նա հիշեցրել է, որ առաջին այցը տեղի է ունեցել փետրվարի 10-14-ն ընկած ժամանակահատվածում, հայտնում է ՍիվիլՆեթը։

Նրա խոսքով՝ կենսաչափական համակարգի ներդրումը հանդիսանում է առանցքային պահանջ այս գործընթացում։

«Վիզաների ազատականացման գործընթացում կենսաչափական համակարգի ներդրումն ուղիղ պահանջ է եվրոպացի գործընկերների կողմից: Հայաստանի համար սա դարձել է թիրախային ուղղություն, որը կապահովի քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունը»,- ասել է Դավթյանը։

Նախատեսվում է, որ 2026 թվականի երկրորդ կիսամյակից սկսած՝ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկումը կսկսվի Հայաստանում։

Դավթյանն ընդգծել է, որ այս համակարգի ներդրումը մնում է ամենաբարդերից մեկը ԵՄ-ի ներկայացրած պահանջների շարքում, սակայն Հայաստանը գտնվում է այդ աշխատանքի որոշակի փուլում։ Հունիսին պետք է ներկայացվի գործողությունների ծրագիրը, որին կհաջորդի տարեկան զեկույցի պատրաստումը՝ կատարված քայլերի մասին։ Բոլոր պահանջների կատարումից հետո հնարավոր կլինի անցում կատարել ազատ վիզային ռեժիմի։

Նելլի Դավթյանի խոսքով՝ ներկայումս Հայաստանում դեռևս չկա կենսաչափական համակարգ, ինչի հետևանքով պետական ռեգիստրում բացակայում են անձի հաստատված տվյալները։ Նոր նախաձեռնության շնորհիվ՝ կենսաչափական փաստաթուղթ ունեցող քաղաքացիները կկարողանան արժանապատիվ կերպով անցնել սահմանը։

«Մեկ-երկու ամսից գործարկվելու է սահմանների կառավարման նոր համակարգը, որը պետությունների միջև կենսաչափական տվյալների փոխանակման հնարավորություն է տալիս: Սրա նպատակն է նվազագույնի հասցնել սահմանային անցակետերում անձին պատճառվող անհարմարությունները՝ հնարավորություն տալով պարզապես սքանավորել կենսաչափական փաստաթուղթը և շարունակել ճանապարհը: Եթե անձը չունենա կենսաչափական փաստաթուղթ, ապա ստիպված կլինի տեղում հանձնել իր կենսաչափական տվյալները»,- ասել է Դավթյանը։

Նա նաև անդրադարձել է այն մտահոգություններին, որ անձնական տվյալների անվտանգությունը կարող է վտանգվել՝ գործընթացը մասնավոր սուբյեկտին վստահելու պարագայում, և վստահեցրել, որ իրավական դաշտը վերանայվելու է։

«Անձի իրավական ինքնության պաշտպանության և տվյալների գողության կանխարգելման նպատակով մի քանի անգամ բարձրացվելու է ենթակառուցվածքի պաշտպանության մակարդակը՝ հասցնելով այն միջազգային ստանդարտների»,- ասել է Դավթյանը։