8 ապրիլի 2025 - 12:42 AMT
Արշակյան․ ՀՀ–ն պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերջնականացնել խաղաղության հաստատման կարևոր գործընթացը։

Նա հավելել է, որ ՀՀ–ն պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը և հրավիրում է Ադրբեջանին միանալ։

«Հայաստանում մենք գիտենք, որ խաղաղության հաստատումը երկար և երբեմն դժվար գործընթաց է, որի համար արդարացված են բոլոր ջանքերը: Այս ոգով մենք վերջերս զգալի քայլ կատարեցինք:

Հայաստանը հաստատում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել, եւ բանակցությունները հաջողությամբ ավարտվել են: Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, եւ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը:

Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ՝ մեր երկու ժողովուրդների համար խաղաղ եւ բարգավաճ ապագայի ճանապարհին այս կարեւոր քայլի իրականացման գործում»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: