Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչների կրկին փակել էին Երևան–Աշտարակ ճանապարհը՝ նրանք պահանջում են, որ իրենց տարածքը շարունակի սպասարկել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի թիվ 25 երթուղին։
Պռոշյան–Երևան ուղևորափոխադրումն այսուհետ իրականացնելու է «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսը՝ 200 դրամով։ Մինչ այդ ուղևորափոխադրումն իրականացվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղով՝ ուղղությամբ Պռոշյան–Ավան–Զեյթուն։
Ցուցարարների պահանջները քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխնախարարի մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ, որը տևել է մոտ 2․5 ժամ։ Թեև քաղաքացիները պնդում էին չհանել թիվ 25 համարի երթուղին, կառավարությունը շարունակում է մնալ իր նախորդ որոշման շրջանակում, հայտնում է Auroranews.am-ը։
Միևնույն ժամանակ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը, որը սպասարկում է նշված երթուղին, հայտնել է, որ պատրաստ է տրանսպորտի սակագինը նվազեցնել 50 դրամով։
Ակցիայի մասնակիցները հանդիպում էին ակնկալում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մենք պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից, որպեսզի Երևան քաղաքի ավտոբուսը սպասարկի այս տարածքը, այն պետք է հասնի մինչև Պռոշյան ու հետադարձ անի։ Մենք պայքարում ենք մեր ազատ տեղաշարժի իրավունքն ապահովելու համար։ Եթե խախտում են այդ իրավունքը, մենք էլ մյուսների տեղաշարժի իրավունքը կխախտենք ու թույլ չենք տա` գործի այս խճուղին»,– ասել է բողոքի ակցիային մասնակցող քաղաքացին։
Ապրիլի 5-ին նույնպես Պռոշյան ու Քասախ համայնքների բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերանայի որոշումը։