ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընդամենը մի քանի օրից հերթական տարին է պտտվելու այն սև օրից, երբ լուսավոր մի երիտասարդ աղջկա ու իր չնված զավակի կյանքերն ընդհատվեցին. 3 տարի առաջ Սոնա Մնացականյանը սպանվեց ՀՀ կառավարության ղեկավարի արագ սլացող ավտոշարասյան կողմից:
Նա հավելել է, որ այդ գործով նիստերն այնքան են ձգում, որ վաղեմության ժամկետի պատճառաբանությամբ գործը փակեն։
«Երեք տարի արհեստականորեն ձգվող դատավարությունն ամեն օր ավելի է հեռվացնում Սոնայի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Երեք տարի դատական նիստերին հոգեբանական կտտանքների են ենթարկում Սոնայի հարազատներին` ստիպելով դիտել նրա սպանության դաժան կադրերը ու վերապրել այդ օրվա տառապանքը: Նիստերն այնքան են ձգում, որ վաղեմության ժամկետի պատճառաբանությամբ գործը փակեն ու հանցագործները մնան անպատիժ, որ ամեն հաջորդ անգամ շարասյունով է'լ ավելի լպիրշ ու սանձարձակ ձևով վրաերթի ենթարկեն հաջորդ քաղաքացուն, ընդհատեն ինչ-որ երեխայի, պատանու, երիտասարդի կամ տարեց մարդու կյանքը:
Մահերի այս շղթան անվերջ է. նրանք, որ մահ բերեցին, կյանք խոստանալ ու խաղաղություն ապահովել չեն կարող, երբեք...»,–գրել է նա։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով հերթական դատական նիստում նրա հորեղբայրը սրտամկանի կաթված է ստացել։
2022–ի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը, վարելով «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն։ Վերջինս ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Վթարի պահին ավտոշարասյունը ուղեկցելիս է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մահացած կինը հղի էր։