Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով մայրաքաղաքում տեղի ունեցած վթարին, նշել է, որ զոհված բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել:
«Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Ցավոք, վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է։
Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»,-գրել է Հայկ Կոստանյանը։
Կանչից հետ գալու ճանապարհին բրիգադը ինքնավթարի է ենթարկվել, նախնական վարկածով՝ վարորդն, ամենայն հավանականությամբ, ղեկին քնել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել էԵրևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, հայտնում է Auroranews.am-ը։
https://auroranews.am/news/2025-04-08-amenayn-havanakanutyamb-varordi-achqy-kpel-e-manramasner-oghbergakan-avtovtarits
«Կանչ ենք ունեցել, կանչն ավարտելուց հետո վերադարձի ճանապարհին բրիգադը ինքնավթարի է ենթարկվել, ամենայն հավանականությամբ՝ վարորդի աչքը կպել է, կողքը բժիշկն է նստած եղել, հետևը՝ բուժքույրը։ Բժիշկը մահացել է, բուժքույրը կայուն ծանր վիճակում է, իսկ վարորդի վիճակը ավելի թեթև է՝ միայն կողերի կոտրվածք ուներ, գիտակցությունը տեղն էր»,- ասել է Ռուբեն Գրիգորյանը՝ նշելով, որ վարորդը սթափ է եղել։
Հարցին, թե արդյոք մահացած բժիշկը եղել է ամրագոտիով ամրացված, Գրիգորյանը պատասխանել է, որ, իր կարծիքով, ամրակապված չի եղել։ Նա հավելել է, որ սա դեռևս նախնական տեղեկություն է, և նշել, որ վթարի տեսագրությունը առկա է։
«Կարծում եմ՝ ամրակապված չի եղել։ Դրանք բոլորը նախնական տեղեկություններ են, ես տեսագրությունն ունեմ, ինքը սովորական գնում հարվածում է սյանը, որևէ այլ բան չի եղել, 99 տոկոս երկուսի աչքն էլ կպել է այդ պահին, որովհետև դրանից առաջ ինքը շրջադարձ է կատարում ու էդպես գնում հարվածում»,–ասել է նա։
Տնօրենը հավելել է, որ վարորդի վիճակը համեմատաբար թեթև է, իսկ բուժքույրը, ով նստած է եղել հետևում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակով։
«Վարորդի վիճակը նախնական տվյալներով թեթեւ է, բուժքույն է, որ հիմա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է»,- ընդգծել է տնօրենը։
Երբ նրան հարց է ուղղվել՝ արդյոք վարորդների ծանրաբեռնված աշխատանքը կարող է նման դեպքերի պատճառ դառնալ, նա նշել է, որ դեպքի հանգամանքները վերլուծելու կարիք կա, բայց տեսանյութը հստակ ցույց է տալիս, որ վթարի պահին խոչընդոտ չի եղել։
«Բուժքույրի վիճակը ծանր է, բժիշկը մահացել է, վարորդը հիվանդանոցում է, հիմա նստենք, քննարկենք ծանրաբեռնված է, թե ծանրաբեռնված չէ՞: Աչքը կպել է, հստակ դա է, խոչընդոտ չկա, տեսագրությունը ունենք ոնց է եղել, գնում խփում է: Ես առաջին վայրկյանից այնտեղ եմ եղել, այդ ամենը իմ աչքի դեմն է եղել»,–ասել է նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է և ցավակցությունն է հայտնել նրա ընտանիքին։