8 ապրիլի 2025 - 17:40 AMT
ՆԳՆ-ն բացատրել է՝ ինչու է ԼՂ-ից տեղահանվածների անձնագրում ծննդյան վայրը գրվում «Ադրբեջան»

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց անձնագրերում, որոնք ՀՀ քաղաքացիություն են ստացել, ծննդավայրը նշվում որպես Ադրբեջան։

Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է այդ հարցադրումների իրավական և տեխնիկական հիմնավորումները, հայտնում է Արմենպրեսը։

«Անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։ Վերջինս, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։ Ըստ այդմ՝ ոլորտի լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարվող ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում»,- նշված է ՆԳՆ-ի պարզաբանման մեջ։

Նախարարությունից հայտնել են նաև, որ տարբեր երկրների սահմանային վերահսկող մարմիններից ստացվել են բազմաթիվ ահազանգեր՝ այս հարցով միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։

«Ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում նշված խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում են։ Հարցի իրավաչափ կարգավորման նպատակով անձի նոր փաստաթղթավորման դեպքում ծառայությունը բացառապես առաջնորդվում է միջազգային ստանդարտով»,- ասված է ՆԳՆ-ի պարզաբանման մեջ։