8 ապրիլի 2025 - 18:47 AMT
Սոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է ընտրական գործընթացների վրա TikTok-ի և այլ հարթակների ազդեցության մասին

Սոնա Ղազարյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շեշտել է՝ տեղեկատվական միջամտությունները սպառնում են ընտրական գործընթացներին, և անհրաժեշտ են օրենսդրական ու կրթական լուծումներ։

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ փուլի քննարկումներին։ Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով թվային և տեղեկատվական մարտահրավերներին, հայտնում է Factor.am-ը։

«Արտաքին միջամտությունն այլեւս բացառիկ երեւույթ չէ: Այն վերածվում է մշտական ճնշման՝ անաղմուկ, ռազմավարական եւ հաճախ անտեսանելի: Այն չի դրսևորվում բացահայտ ագրեսիայի ձևով: Արտաքին միջամտությունը մեկ հարված չէ, այլ ռազմավարություն. ապատեղեկատվական արշավներ, որոնք կասկածներ են սերմանում մեր ընտրություններում, կիբեռհարձակումներ, որոնք խարխլում են վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ, ֆինանսական խողովակներ, որոնք թափանցում են քաղաքական դաշտ ևւ նպատակային փորձեր՝ ներսից բևեռացնելու և ապակայունացնելու բաց հասարակությունները:

Վերջերս գնալով ավելանում է մտահոգությունն այն մասին, թե ինչպես են TikTok-ը և նման հարթակներն ու սոցիալական մեդիայի այլ ձևերը ազդում ընտրությունների արդյունքների վրա:

Հայաստանում ևս մենք բախվում ենք նմանատիպ մարտահրավերների: Varieties of Democracy նախաձեռնությունն արձանագրել է, որ արտաքին միջամտությունն առկա է նաև Հայաստանում՝ լրատվամիջոցների միջոցով, որոնք ֆինանսավորվում են երրորդ կողմից: Որպես օրենսդիր՝ ես արձագանքում եմ երկու առանցքային ուղղությամբ՝ օրենսդրական նախաձեռնություններ՝ ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու համար և մեդիագրագիտության զարգացման ներդրումներ՝ դեռ վաղ տարիքից:

Բայց կա ելք: Եվ այն սկսվում է հստակ պատկերացումից, թե ինչի առաջ ենք կանգնած և ինչ լուծումներ են անհրաժեշտ: Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. այն պետք է լինի ոչ միայն ազգային, այլև ժողովրդավարական, ոչ միայն ռազմական, այլև թվային, տեղեկատվական և քաղաքացիական»,–ասել է նա։

Պատգամավորը հավելել է, որ պետք է ներդրումներ կատարել ոչ միայն պաշտպանական համակարգերում, այլև հանրային դիմադրողականության մեջ: