8 ապրիլի 2025 - 18:53 AMT
Ասլանյանի հետ միջադեպի գործով Վարդանյանն արդարացվել է ատելության խոսքի մասով, մեղավոր ճանաչվել՝ խուլիգանության համար

Նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մեղադրական վճիռ է կայացրել գործով մեղադրյալ Սամվել Վարդանյանի նկատմամբ:

Նա մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանության համար, իսկ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ ատելության խոսքի տարածման մեղադրանքով՝ անմեղ է ճանաչել, հայտնում է «Առավոտը»։

Քանի որ կողմերը պատրաստ չեն եղել հանդես գալ լրացուցիչ ելույթներով՝ կապված վճռից բխող հարցերի քննարկման հետ, դատական նիստը հետաձգվել է։

Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է. «Ատելության հոդվածով (խիստ հոդված) Սամվել Վարդանյանն արդարացվեց, իսկ խուլիգանության հոդվածով (մեղմ հոդված)՝ ճանաչվեց մեղավոր։ Դա նշանակում է, որ Սամվելի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակվել չի կարող։ Այդ փաստը համարում եմ իրավունքի հաղթանակ, քանի որ առնվազն այս փուլում վերացավ խոշտանգման ենթարկված անձի բանտարկման վտանգը։ Այնուհանդերձ, խուլիգանության մասով պարտադիր ներկայացնելու ենք վերաքննիչ բողոք»։

Սամվել Վարդանյանը մեղադրվել է խուլիգանության և համացանցում ատելության խոսք տարածելու մեջ՝ նախկին իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպի համատեքստում։ Համացանցում հրապարակված տեսանյութում արձանագրվել է, թե ինչպես է Վարդանյանը 2024 թվականի ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում մոտեցել Ասլանյանին և նրա հասցեին հնչեցրել վիրավորական խոսքեր, մասնավորապես՝ «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» և այլ արտահայտություններ։

Նշենք նաև, որ այդ միջադեպից հետո Վարդանյանը ձերբակալվել է, և հաղորդվել է, որ նա ենթարկվել է խոշտանգման՝ ոստիկանների կողմից։