ԵՄ հետ վիզաների ազատականացման հարցով երկխոսության շրջանակում Հայաստան այցելած երկրորդ փորձագիտական առաքելությանն ընդունել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Միջոցառմանը մասնակցել են ՆԳ և ԱԳ նախարարությունների պաշտոնյաներ, ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ու ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։
Արմեն Ղազարյանը ներկայացրել է նախարարության իրականացրած ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ընդգծելով Ոստիկանության գործառույթների կենտրոնացման գործընթացը, նոր ֆունկցիոնալ մոդելի ներդրումը, քաղաքացիական վերահսկողության անցման քայլերը, ուժի կիրառման նոր չափանիշների գործադրումը և մի շարք այլ նպատակային ուղղություններով կատարված շոշափելի փոփոխությունները։
Քննարկվել են նաև հանցավորության կանխարգելման միասնական ռազմավարության ձևավորման աշխատանքներն ու թմրամիջոցների դեմ պայքարին ուղղված ռազմավարական ծրագրի նախագիծը։
ԵՄ փորձագիտական առաքելության անդամները ապրիլի 7-11-ն անցկացնելու են ՀՀ ընդհանուր պատրաստվածության գնահատում՝ հանրային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և հիմնարար իրավունքներին վերաբերող ոլորտներում՝ նպաստելով եվրոպական և միջազգային չափանիշներին համարժեք բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև վիզային ազատականացման համար անհրաժեշտ ցուցանիշների ձևավորմանը։
Փորձագետների հետ առանձին հանդիպում է ունեցել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Նա ներկայացրել է Քրեական ոստիկանության կառուցման ընթացքը, ստորաբաժանման առջև դրված առաջնահերթությունները, կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի ուղղությունները և օգտագործվող գործիքակազմերը։
Քննարկվել են կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, կիբեռհանցագործությունների և թմրանյութերի ապօրինի շրջանառության կանխման, ինչպես նաև միջազգային համագործակցության տարբեր ուղղություններ։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը ևս հանդիպել է ԵՄ փորձագետների հետ՝ ներկայացնելով հենասյունային մոդելի կառուցվածքը, գործառույթները և համայնքային ստորաբաժանումների գործունեությունը։ Նա հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացու և համայնքային ոստիկանի կապին, ընտանեկան բռնության դեպքերին արձագանքելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու և հանցավորության կանխարգելման ուղղությամբ իրականացվող գործողություններին։
Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պաշտոնակատար Գնել Սիմոնյանը ներկայացրել է ստորաբաժանման առջև դրված խնդիրները և վերահսկողության գործիքակազմը՝ շեշտելով ծառայողների կարգապահության բարձրացմանն ու օրինականության պահպանմանը միտված քայլերն ու դրանց արդյունքները։
Բացի այդ, քննարկվել են նաև ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկությունների կատարումը և իրավապահ մարմինների միջև համագործակցության ձևաչափերը։
Հանդիպումներից հետո ԵՄ առաքելության փորձագետները այցելել են Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական շենքը։ Նրանք բարձր են գնահատել ՆԳ նախարարության բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով հանցավորության կանխարգելմանն ու հանրային անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Առաքելության շրջանակում նախատեսված են նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ։