ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի 25 անդամ իրենց ուղարկած նամակում հորդորել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին նպաստել Ադրբեջանում անօրինականորեն պահվող հայ գերիների ազատ արձակմանը և ամրապնդել ԱՄՆ-ի քաղաքական ներգրավվածությունը՝ Հարավային Կովկասում Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Նամակը, որի ստորագրումն առաջնորդել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաուն, Բրեդ Շերմանը և Գաս Բիլիրակիսը, ուղարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցման մասին վերջին հայտարարությունների խորապատկերին, երբ ադրբեջանական կողմը պահանջում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրությունում և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Նամակը վճռական ներգրավածության կոչ է անում ամերիկյան ղեկավարությանը՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և հաղթահարելու Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու խոչընդոտները:
Մեկնաբանելով երկկուսակցական նամակը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կոնգրեսում երկկուսակցական շարունակական ջանքերը՝ ընդդիմանալու Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ուժի սպառնալիքի տակ միակողմանի զիջումներ թելադրելու քաղաքականությանը, որն ակնհայտորեն կեղծ խաղաղության է առաջնորդում։ Մեր կոնգրեսական դաշնակիցների և կոալիցիոն գործընկերների հետ կողք-կողքի, մենք պնդում ենք՝ կայուն և արդար խաղաղության ուղղությամբ ցանկացած երկխոսություն պետք է ապահովի հայերի վերադարձն Արցախ, իսկ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը հայկական տարածքներից, պետք է պահպանվի միջազգային վերահսկողություն Հայաստանի սահմանների վրա, ապահովվի հայ ռազմագերիների ազատումը, պաշտպանվի Արցախի հայկական քրիստոնեական ժառանգությունը, պետք է զսպվեն Ադրբեջանի ջանքերը՝ փոփոխություններ պարտադրելու Հայաստանի Սահմանադրությունում և պետք է պաշտպանվի Սյունիքը՝ որպես Հայաստանի ինքնիշխան մաս»:
Նամակում Կոնգրեսի անդամները շեշտել են ամերիկյան անմիջական և կոնկրետ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ կանխելու խաղաղության գործընթացի հետընթացը և նպաստելու հայ գերիների ազատ արձակմանը:
Կոնգրեսականները, մասնավորապես, նկատել են․ «Մենք նաև ամբողջապես համաձայն ենք պետքարտուղար Ռուբիոյի հետ, որ Հարավային Կովկասում «․․․այժմ ժամանակն է պարտավորվել խաղաղության համար» և ազգային անվտանգության գծով խորհրդական Ուոլցի կոչին՝ «ավարտել այս խաղաղության պայմանագիրը, ազատել բանտարկյալներին և աշխատել միասին՝ տարածաշրջանը ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովումը ազգային անվտանգության կարևոր խնդիր է և ուղղակիորեն համահունչ է նախագահ Թրամփի գլոբալ խաղաղության նախաձեռնություններին: Արդյունքում՝ Ադրբեջանի շարունակական սպառնալիքների ետնապատկերի վրա՝ Միացյալ Նահանգները պարտավորություն ունի ձգտելու ամրապնդել վստահությունն ու անվտանգությունը»։