9 ապրիլի 2025 - 13:42 AMT
Ստեփանյանը՝ արցախցիներին․ Երբեք չընդհանրացնեք և ջուր չլցնեք ատելության քարոզի ջրաղացին

Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, արձագանքելով արցախցիների դեմ ատելություն տարածող արտահայտություններին և դրանց արձագանքին, ֆեյսբուքյան իր էջում արցախցիներինհորդորել է չընդհանրացնել և ջուր չլցնել ատելություն գեներացնողների ջրաղացին։

Նա նշել է, որ հայաստանյան հանրությունը ընդհանուր առմամբ հաշտ չէ արցախցիների նկատմամբ տարվող ատելության քարոզի հետ։

«Մի կարևոր դիտարկում, ԱԺ նախագահը իր՝ «մնայիք, կռվեիք» արտահայտությունից հետո ստիպված եղավ խմբագրել իր ասածները, պատգամավորի եղբայրը «հա՞յ ես, թե ղարաբաղցի» ասելուց հետո ստիպված եղավ ինչ-որ արդարացումներ մոգոնել, Հանրային ռադիոյի տնօրենի կինը իր արցախատյաց գրառումից հետո ստիպված եղավ ներողություն խնդրել։ Այս ամենն արդյունք է հանրային դատապարտման և պարսավանքի։ Իսկ դա խոսում է այն մասին, որ հայաստանյան հանրությունը ընդհանուր առմամբ հաշտ չէ արցախցիների նկատմամբ տարվող ատելության քարոզի հետ։

Ուստի, սիրելի՛ արցախցիներ, երբեք ու երբեք չպետք է ընդհանրացնենք և ջուր լցնենք ատելություն գեներացնողների ջրաղացին։ Որքան էլ ֆեյքերով, տարաբնույթ լրատվականներով, մանր քարոզիչներով փորձեն տարանջանտել ու ատելություն սերմանել, ես շարունակելու եմ շնորհակալություն հայտնել իմ հայրենակիցներին և մնալ այն համոզման, որ մեր միջև տարանջատումներ չպետք է լինեն։ Իմ համոզմունքը հիմնված է իմ ուսանողական ընկերների, իմ դասախոսների, իմ ընկերների և գործընկերների և շատ ու շատ մարդկանց վերաբերմունքի, սիրո և հարգանքի վրա»,–գրել է նա։

Ավելի վաղ արցախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կկարողանա վերադառնալ Արցախ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է՝ կկարողանաք վերադառնալ այն ժամանակ, երբ այնտեղ ապահով լինի։ «Դուրս չգայիք, պետք էր մնալ ու կռվել».- պնդել է Սիմոնյանը։