9 ապրիլի 2025 - 13:56 AMT
ՀՀ–ում ամեն օր ՃՏՊ-ների զոհ է դառնում միջինը 1 մարդ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Քոչարյանը տեղեկացրել է, որ Հայաստանում վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ՝ տարեկան կտրվածքով ամեն օր ՃՏՊ-ների զոհ է դառնում միջինը 1 մարդ, վիրավորվում՝ 16 մարդ:

Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով տարեկան գրանցվել է մոտ 1.2 միլիոն մահվան դեպք, իսկ տարբեր աստիճանի վրաերթերի քանակը հասել է 50 միլիոնի, հայտնում է 1lurer.am-ը։

Քոչարյանը նշել է նաև, որ այս լսումների արդյունքով հնարավոր է քայլեր ձեռնարկվեն՝ ոլորտի ռազմավարական ծրագիր մշակելու ուղղությամբ։

«Չնայած ենթակառուցվածքների և երթևեկության կառավարման բարելավմանն ուղղված միջոցառումներին՝ արդյունքները բավարար չեն, և մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները»,- ասել է նա:

Քոչարյանի խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներին նպաստող գործոնները բազմազան են, ներառյալ՝ ոլորտի կառավարման և ենթակառուցվածքային բացերը, տրանսպորտային միջոցների թվի կտրուկ ավելացումը, երթևեկության մասնակիցների գիտելիքների պակասը, ինչպես նաև երթևեկության կանոնների անտեսումը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել է, որ 2024 թվականին գրանցված 4314 ճանապարհատրանսպորտային պատահարներից յուրաքանչյուրը ունեցել է զոհ կամ վիրավոր, ինչի հետևանքով 333 քաղաքացի զոհվել է, իսկ 6116-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։

Նա հավելել է, որ կոպիտ հաշվարկով՝ 10 տարում խաղաղ պայմաններում 3 մլն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3600-ից ավելի զոհ, հայտնում է 1lurer.am-ը։

«Միայն 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է զոհերով կամ վիրավորներով 988 ՃՏՊ, որի հետևանքով գրանցվել են 60 զոհ և 1391 վիրավոր: Այսինքն՝ եթե շատ կոպիտ վիճակագրություն ներկայացնենք, կստացվի, որ 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 մլն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3600-ից ավելի զոհ, մոտ 70 հազար վիրավոր, և չպետք է մոռանալ, որ այդ վիրավորներից 2000-3000-ը ձեռք են բերում ցմահ հաշմանդամություն»,- ասել է նա:

Պատգամավորը անդրադարձել է նաև գույքային վնասներին՝ նշելով, որ միայն 2024 թվականի ընթացքում գրանցվել է մոտ 72 հազար դեպք՝ գույքային վնասով։ Այդ նույն տարում ապահովագրական ընկերություններն ապահովել են ավելի քան 20 միլիարդ դրամի փոխհատուցում, առանց հաշվի առնելու «Կասկո» տեսակի ապահովագրության շրջանակում կատարված վճարումները։

Լսումներին ներկա են գտնվել նաև ՀՀ ոստիկանապետը, ճանապարհային ոստիկանության պատասխանատու անձինք, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և պետական մի շարք այլ պաշտոնյաներ։