Արցախի Սահմանադրության մեջ փոփոխություններ կկատարվեն՝ նախագահի գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով։ Այդ մասին ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, հայտնում է Panorama.am-ը։
«Մենք արդեն բավականին երկար ժամանակ այդ ուղղությամբ աշխատանքներ ենք սկսել։ Այդ հարցերը կարգավորելու համար ունենք ոչ միայն մեկ տարբերակ, այլ շատ տարբերակներ՝ հաշվի առնելով Հայաստանում իշխանությունների ստեղծած իրավիճակը։ Նաև պետք է ապահովագրել ցանկացած գործընթաց՝ որպեսզի ապահովվի պետական ինստիտուտների գոյությունը Հայաստանում՝ հաշի առնելով այն հանգամանքը, որ այս իշխանությունները, միևնույնն է, հավերժ չեն լինելու»,- ասել է պատգամավորը։
Պատգամավորի խոսքով՝ մայիսի 21-ին լրանալու է գործող նախագահի լիազորությունների ժամկետը, և դրա առթիվ որոշել են նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ, որպեսզի իրավիճակը հստակ կարգավորվի իրավական դաշտում և խուսափեն ցանկացած հնարավոր իրավական բարդությունից։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովին, ապա Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ գործող Սահմանադրությամբ այդ մասով արդեն կան անհրաժեշտ կարգավորումներ։
Նա նաև պարզաբանել է, որ փոփոխություններն իրականացվում են այն ձևով, որպեսզի ցանկացած պարագայում հնարավոր լինի պահպանել պետական կառավարման համակարգի անընդհատությունը։ Անկախ այն հանգամանքից, թե արդյոք նախագահը կկարողանա շարունակել պաշտոնավարումը ֆիզիկական, անձնական կամ այլ պատճառներով, անհրաժեշտ է, որ պետական ինստիտուտներն առանց ընդհատման գործեն։
«Այդ փոփոխությունները նաև արվում են մեկ նպատակով. մենք այս մեկուկես տարում բավականին բարդություններ ենք ունեցել պայմանավորված նաև պասիվությամբ թե Ազգայի ժողովի, թե պետական այլ կառույցների։ Բոլոր կարգավորումները փորձում ենք այնպես անել, որպեսզի ապահովենք այդ կառույցների ակտիվությունն ու կենսունակությունը»,- ասել է Հակոբյանը։
Նա տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը արդեն ընդունվել է ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ և ուղարկվել Արցախի Գերագույն դատարան, որն էլ տվել է դրական եզրակացություն։ Նման դիրքորոշում է հայտնել նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը։
«Մնում է երկրորդ ընթերցմամբ ընդունվի ու արդեն հնարավոր կլինեն կարգավորումները։ Երկրորդ ընթերցումը պետք է լիներ ապրիլի 4-ին, սակայն, ցավոք սրտի, որոշ խնդիրների պատճառով քվորում չապահովվեց»,- ասել է Արցախի ԱԺ պատգամավորը։
Նրա խոսքով՝ քվորումի բացակայությունն առաջացել է մի շարք պատգամավորների կողմից ցուցաբերած անհասկանալի վախերի, պատասխանատվության բացակայության և իրենց առաքելության չգիտակցման հետևանքով։
«Դեռևս չենք դիտարկում այլ տարբերակ, ամեն ինչ արվում է, որպեսզի նիստը տեղի ունենա։ Նոր նիստի օրը դեռ նշանակված չէ, խմորումները դեռ կան։ Բայց երկար չի կարող տևել, քանի որ ժամկետներ գոյություն ունի»,–ասել է նա։