ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն, արձագանքելով ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ տրամադրելու Բաքվից հնչող պահանջներին, հայտարարել է, որ ՀՀ–ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին փոխանցված ականապատ դաշտերի տեղամատյանների ճշգրտությունը։ Նա այդ մասին գրել է X-ի իր էջում։
Նա մեկ անգամ ևս նշել է, որ «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան»։
«2021-ի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի 972 գրանցամատյան։ Ավելին` հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով հավաքագրել և 2024 թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ։
Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում տրամադրված քարտեզների ճշգրտությունը, թեպետ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ չկան ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ: Ուստի Հայաստանը նախկինի պես հիմա էլ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել դրանց ճշգրտությունը։»,-ասվում է գրառման մեջ։
Բադալյանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Արադարադատության միջազգային դատարանը մերժել է Բաքվի դիմումը Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել էր, թե Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է, ըստ նրա, առկա է մոտ 400 հազար ականի տեղակայում, սակայն իրական թիվը մոտ 1․5 միլիոն է։ Նա նաև ասել էր, որ Բաքուն ակնկալում է, որ ՀՀ–ն կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները։