9 ապրիլի 2025 - 16:34 AMT
Բելգիայի Սենատի նախագահը կարևորել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի ընթացքում Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպում է անցկացրել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի և Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ։

Բելգիայի Սենատի նախագահ Վենսան Բլոնդելը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը՝ միաժամանակ ցանկություն հայտնելով տեղեկանալ դրա զարգացումներին և հեռանկարներին։

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նպատակ ունի բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ և հաստատել կայուն խաղաղություն տարածաշրջանում։

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին և Ներկայացուցիչների պալատին՝ Հայաստանի և հայ ժողովրդի օգտին մշտապես ցուցաբերված աջակցության, ինչպես նաև կարևոր թեմաների շուրջ դրսևորած սկզբունքային դիրքորոշման համար։

Պետեր Դը Ռուվերը վերահաստատել է, որ Բելգիան շարունակում է լինել քաղաքական ոլորտում Հայաստանի կողքին։

Նա ընդգծել է․ «2015 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակալի քայլ էր, և որ Բելգիան հնարավորության դեպքում պատրաստ է աջակցել Հայաստանին»։

Դը Ռուվերն անդրադարձել է նաև վիզային ռեժիմի ազատականացման թեմային՝ նշելով, որ «պատրաստակամ են աջակցելու գործընթացին. գործընթացն ու ժամկետներն ավելի շատ տեխնիկական հարցեր են, քան քաղաքական»։

Հակոբ Արշակյանը ներկայացրել է մարտի 26-ին Ազգային ժողովի կողմից քննարկված՝ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որն ԱԺ է ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության միջոցով։

Վիզաների ազատականացման մեկնարկը և ՀՀ-ԵՄ համագործակցությունը Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում փոխխոսնակը ներկայացրել է որպես առաջընթացի կարևոր ազդակ՝ ընդգծելով, որ ակնկալվում է մոտ ապագայում ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգի ստորագրումը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող գործընթացը, Բաքվի առաջ քաշած նոր պայմաններն ու արհեստական խոչընդոտները, ինչպես նաև այն հումանիտար հարցերը, որոնք վճռորոշ դեր ունեն տարածաշրջանային խաղաղության ապահովման գործում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: